Calvin Klein. «Մենք չենք պնդել, որ Լյուպիտա Նյոնգոյի զգեստի մարգարիտները բնական են»

17:07   28 փետրվարի, 2015

Օսկարակիր Լյուպիտա Նյոնգոյի զգեստի շուրջ սկանդալը դեռ շարունակվում է թեժանալ։ Հայտնի դերասանուհի Լյուպիտա Նյոնգոն «Օսկար» մրցանակաբաշխությանը ներկայացել էր Calvin Klein ապրանքանիշի 150 հազար դոլարանոց զգեստով, որի վրա 6000 մարգարիտ է եղել։ Սակայն նույն գիշերը The London West Hollywood հյուրանոցից գողացել էին այդ զգեստը։

Այնուհետեւ հայտնի էր դարձել, որ երկու օր հետո գողը վերադարձրել է Լյուպիտա Նյոնգոյի թանկարժեք զգեստը։

Գողը կապ էր հաստատել TMZ պարբերականի հետ եւ հայտարարել, որ մարգարիտները կեղծ են եղել, ինչպես նաեւ ցանկություն էր հայտնել ետ վերադարձնել զգեստը։ Դրանից հետո պարբերականի աշխատակիցները կապ էին հաստատել ոստիկանների հետ եւ հայտնել զգեստի գտնվելու վայրը։

Իր հերթին Calvin Klein պաշտոնապես հայտարարել է, որ նորաձեւության տունը երբեք չի պնդել, որ Լյուպիտա Նյոնգոյի զգեստի մարգարիտները բնական են եղել եւ զգեստի գինը կազմել է 150 հազար դոլար։

TMZ-ի լրագրողը հարց է հնչեցրել. «Հետաքրքիր է, Կլեոպատրայի մահից հետո, ինչ-որ մեկը բնական մարգարիտներով զգեստ կարե՞լ է»։



© NEWS.am STYLE