Exclusive. Եգիպտոսում հայ պարուհի vs հյուրանոց, որտեղ հաշիշ, ալկոհոլ ու պոռնիկներ են վաճառում

11:03   4 մարտի, 2015

Օրեր առաջ համացանցում լուրեր էին տարածվել, որ Եգիպտոսում հայտնի պորտապարուհի, ազգությամբ հայ Սոֆինարին ձերբակալել են՝ իբրեւ թե եգիպտական դրոշն անարգելու համար: Մի քանի ժամ անց պարուհուն գրավի դիմաց ազատ են արձակել: NEWS.am STYLE-ը կապ է հաստատել պարուհու հետ՝ կատարվածի իսկությունը պարզելու համար։ Նշենք, որ այս սկանդալը բարձրացել էր դեռեւս անցյալ տարի, երբ նրան կանչել էին հարցաքննության եգիպտական դատարան՝ պետական դրոշի գույներով զգեստ կրելու համար։ Հայտնի պարուհուն մեղադրում էին Եգիպտոսն անարգելու մեջ, քանի որ նա պորտապար էր պարել այս երկրի պետական դրոշի գույներով կարված զգեստով։ Վրդովված քաղաքացիները հայց էին ներկայացրել, որտեղ նշված էր, որ Սոֆինարը այդ հագուստով ելույթ է ունեցել Կարմիր ծովի ափին գտնվող Այն-Էլ-Սոխնա նավահանգստում կազմակերպված երեկույթներից մեկի ժամանակ։ Ի դեպ, Սոֆինարը մեծ համբավ ունի եգիպտացիների շրջանում։ Աղջիկը Եգիպտոս է եկել երկու տարի առաջ, բայց արդեն հասցրել է նկարահանվել մի քանի ֆիլմերում եւ ելույթ ունենալ էլիտար հարսանիքների ժամանակ։

Սոֆինարի բացատրություններից հետո (պարուհին պնդում է, որ նրան խաբել եւ շանտաժի են ենթարկել՝ կեղծ փաստաթղթեր ներկայացնելով), պարուհու քույրը՝ Հերմինեն (նյութի գլխավոր նկարը), մեզ պատմել է կատարվածի մանրամասները եւ նշել, որ Սոֆինարը երեկ ելույթ է ունեցել տեղի հեռուստաընկերություններից մեկում։

«Սոֆինարը եգիպտական դրոշի գույներով զգեստ էր հագել երկրի նորընտիր նախագահ Աբդուլ Ֆատտահ Խալիլ Աս-Սիսիի պատվին. վերջինս մեզ համբավ է վայելում Եգիպտոսի հայկական եւ ռուսալեզու համայնքների շրջանում։ Այդ օրը շատերն էին այդ գույներով զգեստներ հագել եւ Սոֆինարը, ով շատ է սիրում եւ Եգիպտոսը, եւ եգիպտացիներին, այս ձեւով իր հարգանքն ու աջակցությունն է արտահայտել։ Մենք շատ սիրում եւ հարգում ենք այժմյան նախագահին։ Իսկ օրենքը, ըստ որի քաղաքացիները իրավունք չունեն օգտագործել Եգիպտոսի դրոշի  գույները, վերջերս է սկսել գործել, եւ շատ քչերն են իմացել այդ մասին։ Սոֆինարը մի քանի անգամ հարցազրույցներ է տվել եւ պատմել այս ամենը, պարզապես որոշ մարդկանց նրա հաջողություններն այնքան է հաճելի չեն։

Երեկ Սոֆինարը ելույթ է ունեցել տեղի Dream 2 հեռուստաալիքով, որտեղ քննարկել են դրոշի հետ կապված սկանդալային այդ միջադեպը։ Նա նշել է, որ «Nabila» հյուրանոցը, որի գիշերային ակումբում նա աշխատել է, հաշիշ ու ալկոհոլ է վաճառում եւ մարմնավաճառների ծառայություններ մատուցում զբոսաշրջիկներին։ Մենք պատերազմ ենք սկսել նրանց դեմ։ Սոֆինարը հյուրընկալվելու է նաեւ երկու այլ հեռուստաընկերություններում, որտեղ ավելի մանրամասն կպատմի կատարվածի մասին։ Մարտահրավերը նետված է, կարելի է ասել՝ պատերազմը սկսված  է...

Իսկ ինչ վերաբերում է դատական գործընթացին, ապա այն իսկապես երկար կշարունակվի։  «Nabila» հյուրանոցի տիրուհին եւ փաստաբանը կանեն ամեն ինչ, որ գործը կոծկեն, սակայն Սոֆինարը շատ հայտնի  ու սիրված է Եգիպտոսում, ուստի մենք վստահ ենք, որ վաղ թե ուշ հաղթելու ենք։ Այս պատմությունը մեծ աղմուկ ու սկանդալ է բարձրացրել Եգիպտոսում։ Քույրս շատ մեծ հեղինակություն ունի։ Նա չի ծխում, չի խմում, սիրեկանների չունի։ Նրան հարգում են ոչ միայն որպես պարուհի, այլեւ որպես մարդ։ Իսկ դրոշի պատմությունը «բարի» մարդիկ ցանկանում են օգտագործել եւ Սոֆինարին հեռացնել թերթերի առաջին էջերից։ Մարդիկ նախանձից խելագարվել են»,- նշել է Հերմինեն։



© NEWS.am STYLE