Exclusive. Կիրկորովների էժանագին փիառը. Անդրանիկ Ալեքսանյանը նրանցից օգնություն չի ստացել

15:05   6 մարտի, 2015

Կիրկորովների ընտանիքը գումար չի տրամադրել ազգությամբ հայ երգիչ Անդրանիկ Ալեքսանյանի բուժման համար: Այս մասին այսօր NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Անդրանիկի ներկայացուցիչ Սերգեյ Անդրոնը:

Մեզ հետ զրույցում Սերգեյն ասաց, որ Կիրկորովների ընտանիքն օգտագործում է Անդրանիկի անունը հայերի մոտ դրական կարծիք ձեւավորելու համար:

«Մենք կխնդրեինք հոդվածից հանել Անդրանիկի անունը, որն օգտագործվում է Կիրկորովների էժանագին փիառի համար: Այն, որ երեխայի վիրահատությունը կատարվել է Կիրկորովների ֆինանսավորմաբ, ճիշտ չէ»,-ասաց Սերգեյն` ավելացնելով, սակայն, որ Կիրկորովները փորձել են օգնել երեխային` համերգ կազմակերպելով, սակայն համերգից ստացված հասույթն Անդրանիկին այդպես էլ չի հասել: Ավելին, Անդրանիկն ու նրա ծնողները միայն համերգի ժամանակ են իմացել, որ համերգը Անդրանիկի բուժման համար գումար հավաքելուն է ուղղված:

«Մեզ ասել էին, որ Կիրկորովն ամենամյա փառատոն է անցկացնում, որին հրավիրել էին նաեւ Անդրանիկին: Բարեգործության մասին ոչ մի խոսք չի եղել: Միայն համերգի ժամանակ է հայտարարվել այդ մասին: Երբ մենք իմացանք, խնդրեցինք դադարեցնել այդ ամենը»,-նշեց Անդրանիկի ներկայացուցիչը:

 

Անդրանիկ Ալեքսանյանը` «Մանկական նոր ալիք-2011»-ի ժամանակ

Սերգեյ Անդրոնն ասաց նաեւ, որ Անդրանիկը տեսաուղերձ է պատրաստում, որտեղ հայտնելու է, որ լրատվամիջոցի տվյալ հոդվածն իր հետ չի համաձայնեցվել եւ խնդրելու է չշահարկել իր անունը, որն օգտագործվում է Կիրկորովների փիառի համար:

«Նրանք ոչ մի գումար չեն փոխանցել: Երեխային օգնել են բոլորովին այլ մարդիկ, եւ կարծում եմ` այս ամենը կարդալով, նրանց հաճելի չի լինի»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ  «Экспресс газета»-ն հոդված էր պատրաստել Բեդրոս եւ Ֆիլիպ Կիրկորովների մասին, որտեղ նշվում էր, որ նրանք մշտապես օգնում են հայ համայնքին եւ մասնավորապես «Մանկական նոր ալիք-2011» մրցույթի հաղթող Անդրանիկ Ալեքսանյանին:

Պատրաստեց` Շուշան Շատիկյանը

 

 



© NEWS.am STYLE