Ռուս զբոսաշրջիկներին մեղադրել են Եգիպտական բուրգերի մոտ պոռնո նկարահանելու մեջ

17:13   6 մարտի, 2015

Եգիպտոսի հնագույն հուշարձանների նախարար Մամդուհ ալ-Դամատին պաշտոնապես հայտարարություն է արել դատախազությանը փոխանցված այն նյութերի մասին, համաձայն որոնց՝ մոտ 9 ամիս առաջ Համացանցում հայտնված պոռնո ֆիլմը, հավանաբար, ռուս զբոսաշրջիկներն են նկարահանել Գիզայում, հայտնել է Alarabiya.net-ը։

Եգիպտական ԶԼՄ-ները այս «ֆիլմից» շտկված կադրեր են հրապարակել, որոնցից կարելի է հասկանալ, որ խոսքը ոչ թե պոռնո ֆիլմի, այլ մերկ սելֆիների մասին է։

«Аль-Масри аль-Юм» թերթը մեջբերել է Եգիպտոսի հնագույն օբյեկտների պաշտպանությամբ զբաղվող Ազգային ճակատի համակարգող Ուսամա Կարարի խոսքերն առ այն, որ հոլովակում հստակ երեւում են եւ գիդը, եւ եգիպտական տուրիստական ընկերության անվանումը, որոնք հավանաբար նպաստել են նկարահանումների իրականացմանը։ Նա նշել է, որ ֆիլմը նկարահանել են «օրը ցերեկով»՝ տեղի պաշտոնյաների գիտությամբ եւ թույլտվությամբ։

Հնագույն հուշարձանների նախարարությունից տեղեկացրել են, որ փաստաբանի (ով դատի է տվել Գիզայի ոստիկանապետին առ այն, որ նա Եգիպտական բուրգերի մոտ պոռնո ֆիլմ նկարահանելու թույլտվություն է տվել) հայցից հետո այս տարածքում նոր տեսախցիկներ են տեղադրվել։

Նշենք, որ Եգիպտական բուրգերը վաղուց ի վեր գրավում են կինոմատոգրաֆիստներին ոչ միայն սովորական, այլեւ «մեծերի համար նախատեսված» ֆիլմեր նկարահանելու համար։ Օրինակ, 90-ականներին ֆրանսիացիները այստեղ նկարահանել էին «Pyramid» պոռնոֆիլմը, որը լայն տարածում գտավ եւ մինչ այսօր հասանելի է համացանում։  



© NEWS.am STYLE