«Եվրատեսիլ-2015». «Don’t deny» երգի պրեմիերան եւ «Genealogy» խմբի 6-րդ մասնակիցը՝ Ինգա Արշակյան

21:32   12 մարտի, 2015

Քիչ առաջ կայացավ «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող` «Genealogy» խմբի երգի տեսահոլովակի պրեմիերան, որից վերջապես պարզ դարձավ, թե ով է Հայաստանից միանում խմբին:

Այսպիսով, «Genealogy»-ի վեցերորդ մասնակիցը Հայաստանից Ինգա Արշակյանն է: Խմբի մյուս հինգ անդամներն են` ֆրանսիահայ երգիչ Եսայի Ալթունյանը, ով ներկայացնում է Եվրոպա աշխարհամասը, ամերիկահայ երգչուհի Թամար Կապրելյանը, ով ներկայացնում է Ամերիկա աշխարհամասը , Եթովպիայից Վահե Թիլբյանը, ով ներկայացնում է Աֆրիկան, Ասիայից Ստեֆանի Թոփալյանը եւ օպերային երգչուհի Մերի-Ջին Օ'Դոհերթի Վասմաթզիանը, ով ներկայացնում է Ավստրալիա աշխարհամասը։ 

«Don’t deny» երգի երաժշտության հեղինակը Արմեն Մարտիրոսյանն է, խոսքերը գրել է Իննա Մկրտչյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորն է Արեն Բայադյանը:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: 

Կարեւորելով խաղաղության, միասնության եւ հանդուրժողականության գաղափարը՝ Հանրային հեռուստաընկերության ստեղագործական խումբը որոշեց այս տարի համախմբել 1915 թ-ին աշխարհի 5 մայրցամաքներում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 6 երգիչներ են, ովքեր զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ Հայաստանից կմիանա եւս մեկ մասնակից, ով կհամախմբի թերթիկները: Հատուկ մրցույթի համար ձեւավորվելիք խումբը կկրի «Genealogy» անվանումը՝ 6 արտիստ, 6 ճակատագիր, 1 պատմություն: Երգի վերնագիրն է՝ «Don’t deny» («Մի՛ ժխտիր»):



© NEWS.am STYLE