Իրինա Ալեգրովայի երեւանյան մենահամերգը եւս մեկ անգամ հետաձգվում է

15:40   16 մարտի, 2015

Երեւանում մարտի 6-ին նշանակված, այնուհետ ապրիլի 6 տեղափոխված Իրինա Ալեգրովայի մենահամերգը եւս մեկ անգամ հետաձգվում է. այն տեղի կունենա մայիսի 23-ին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց համերգի կազմակերպիչ «Forpostart» ընկերության մոսկովյան գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Տոլստելեւը:

Ըստ նրա` այս անգամ պատճառը ապրիլին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցն է: Խոսելով Ալեգրովայի համերգի հետաձգման պատճառների մասին, նա նշեց, որ խնդիրը եղել է միայն երգչուհու հիվանդությունը: «Ես դիմավորել եմ նրան օդանավակայանում: Արդեն այդ ժամանակ նա իրեն լավ չէր զգում: Համերգից երեք ժամ առաջ նրա ջերմությունը կտրուկ բարձրացավ` հասենլով 39,5-ի: Մենք առաջին հերթին որպես մարդ թույլ չէինք կարող տալ, որ նա այդ կերպ բեմ բարձրանա»,-նշեց Ալեքսանդր Տոլստելեւը` հավելելով, որ իրականությանը չեն համապատասխանում այն տեղեկությունները, թե համերգի հետաձգման պատճառը եղել է տոմսերի քիչ վաճառքը կամ այն, որ կազմակերպիչները համերգասրահին գումարը չեն վճարել:

«Շոու-բիզնեսում կա հստակ մեխանիզմ: Երբ պայմանավորվածություն է ձեռք բերվում համերգն անցկացնելու համար, կազմակերպող կողմը վճարի 50 տոկոսը մուծում է ամենասկզբում, մյուս 50 տոկոսը` համերգից ուղիղ մեկ ամիս առաջ: Այլ մեխանիզմ չկա: Մենք բոլոր վճարումներն արել էինք»,-նշեց նա:

Ի դեպ, նրանք, ովքեր մայիսի 23-ին ինչ-ինչ պատճառներով չեն կարող ներկա գտնվել Իրինա Ալեգրովայի մենահամերգին, կարող են իրենց տոմսերը հանձնել` նամակ ուղարկելով [email protected] հասցեին:

Հիշեցնենք, որ մարտի 6-ին Երեւանի Մարզահամերգային համալիրում նախատեսված՝ Իրինա Ալեգրովայի մենահամերգը սկսվելուց րոպեներ առաջ չեղյալ էր հայտարարվել: Պատճառը երգչուհու վատառողջ լինել էր:

Շուշան Շատիկյան



© NEWS.am STYLE