«Երբեմն բրենդային հագուստը կարող է նաեւ ժամանակավրեպ լինել». դիզայներ

14:21   20 մարտի, 2015

Երիտասարդ դիզայներ Թերեզա Ղարաբաղցյանին NEWS.am TSYLE-ն արդեն անդրադարձել է` ներկայացնելով նրա առաջին հավաքածուն: Այս անգամ դիզայների հետ զրուցել ենք 2015 թվականի գարնանային նորաձեւ միտումների եւ նորաձեւության այլ թեմաների շուրջ:

Գարունն արդեն լիիրավ մտել է իր իրավունքների մեջ, ինչպես ասում են: Որո՞նք են այս գարնան նորաձեւ միտումներն ըստ քեզ:

Գարնան գալուն համընթաց, կարծում եմ, բոլորիս մոտ ինքնաբերաբար դրական փոփոխությունների մեծ ցանկություն է առաջանում: Առաջին հերթին այդ փոփոխությունները պետք է սկսել զգեստապահարանից:

Այս գարնանը կերպարային կտրուկ եւ համարձակ փոփոխությունների ճիշտ ժամանակն է: Հատկապես, եթե մինչ օրս հագնվել եք մուգ գույների մեջ, ապա խիստ ցանկալի է սկսեք կրել նեւ  վառ գույներ: Եթե Ձեր զգացողությունը այնքան էլ ներդաշնակ չլինի այդ վառ գույների հետ, ապա կարող եք լուծումը գտնել պաստելային գույների միջոցով: Այս գարնանը կարող եք համադրել այնպիսի գույներ, որոնք մինչ այս չեք էլ պատկերացրել միասին: Այդ համադրությունները կարող եք փնտրել բնության մեջ: Կարող եք օգտվել նաեւ մեր հայկական հարուստ ժառանգությունից: Օրինակ՝ փնտրեք տարազների եւ ավանդական հագուստների գույները եւ կտեսնեք, թե ինչ հետաքրքիր ու մեր օրերում նորաձեւ գունային համադրություններ ենք ունեցել մեր ավանդույթներում:

Այս գարնանը խիստ ակտուալ է նաեւ ամենապարզ, բայց եւ ամենաքմահաճ գույնը՝ սպիտակը: Նորաձեւությունը այս գարնանը եւ ամռանը խորհուրդ է տալիս վերջապես ընտելանալ սպիտակ գույնին եւ զգեստապահարանում ավելացնել փոքրիկ սպիտակ զգեստ, իսկ որպես լրացում՝ նաեւ սպիտակ պիջակներ՝ երկրաչափական պատկերներ հիշեցնող կտրվածքներով:

Այս գարնանը նորաձեւությունը շարունակում է թելադրել ամենատարբեր նախշերով զգեստներ: Շատ ակտուալ են վանդակավոր, ցանցավոր կտորներով արված ստեղծագործությունները: Բացառության կարգով այս ընթացքում կարող եք համադրել առաջին հայացքից ամենաանհամապատասխան հաստության ու տեսակի հագուստներ, որոնք էլ իրենց հերթին ամբողջացնել աչքի ընկնող զարդերով ու աքսեսուարներով: Այնպես որ, նորաձեւությունը այս գարնանը եւ ամռանը հավանություն է տալիս մեր մտքի թռիչքին` մեր իսկ կերպարի մասին:


Որո՞նք են, ըստ քեզ, հագուստի այն տեսակները, որոնք պարտադիր է ունենալ զգեստապահարանում:

Եթե նկատի ունենք իգական սեռի ներկայացուցիչների զգեստապահարանը, ապա նախ պետք է հաշվի առնել, թե ինչ տարիքի է զգեստապահարանի տիրուհին: Ամեն դեպքում, զգեստապահարանը պետք է արտացոլի տվյալ տարիքի ողջ հմայքն ու խորհրդավորությունը: Չպետք է մոռանալ նաեւ հարմարավետության մասին, քանի որ այն ոչ միայն ցանկալի է լավ զգացողություն ունենալու համար, այլ միշտ նորաձեւ է:

Զգեստապահարանը խիստ անհատական է, եւ պարտադիրության սկզբունքվ ոչինչ պետք չի պահել այնտեղ, ընդհակառակը՝ պետք է հնարավորինս շուտ ազատվել այն հագուստներից, որոնք այդպես էլ ձեզ «ոչ մի հարցում չեն օգնում»Պարզապես կարեւոր է տարբեր առիթների համար ունենալ այնպիսի հագուստներ, որոնք ինքնավստահություն կհաղորդեն քեզ: Ահա սա է զգեստապահարանի ամենապարտադիր պայմանը:


Ի՞նչ ես կարծում, մեր երիտասարդությունը ճի՞շտ կամ նորաձեւ՞ է հագնվում:

Հաճախ եմ լսում, որ մերօրյա երիտասարդությունը սկսել է հետեւել նորաձևությանը: Կարծում եմ, որ բոլոր ժամանակներում եղել եւ շարունակում են հանդիպել թե' նորաձեւ ու ոճային, եւ թե' այդ ամենին պարզապես ուշադրություն չդարձնող մարդիկ: Նորաձեւ լինելու համար անհասանելի միջոցներ անհրաժեշտ չեն, չի կարելի շփոթել նորաձեւ հագնվելը բրենդային հագուստ կրելու հետ: Երբեմն բրենդային հագուստը կարող է նաեւ ժամանակավրեպ լինել:

Այդուհանդերձ, եթե գնահատելու լինեմ մեր երիտասարդության հագնվելու ճաշակը, ապա ընդամենը կասեմ, որ ողջունելի է, երբ մեր երիտասարդությունն այսօր տարբերում է առօրյա հագուստը երեկոյան հագուստից՝ միջավայրին եւ առիթին համապատասխան:


Որո՞նք են քեզ ամենահոգեհարազատ ոճերը նորաձեւության մեջ, ո՞ր ոճում ես հիմնականում ստեղծագործում:

Ինչպես կարելի է ենթադրել իմ նախորդ հավաքածուներից, սիրում եմ աշխատել տարբեր գույներով: Հիմնականում ստեղծագործում եմ դասական, բիզնես ոճում: Առաջարկում եմ հագուստներ հիմնականում գործարար կանանց համար: Առաջին հայացքից այս ոճը կարող է խիստ սահմանափակ թվալ՝ թե' գույների, եւ թե' նոր լուծումների առումով, սակայն, կարծում եմ, գնահատելի ձեռքբերումները կարող են լինել այնտեղ, որտեղ թվում էր, թե այլեւս ոչինչ ավելացնել հնարավոր չէ:

Այսօր շատ է խոսվում հագուստի կրկնօրինակումների մասին: Ի՞նչ կարծիք ունես դու այդ մասին:

Կրկնօրինակումները երբեմն կարող են շատ պատահական ստացվել: Վերջերս այդ մասին հետեւյալ գրառումն արեց Արամ Նիկոլյանը. «Առհասարակ, այդպես հաճախ պատահում է, երբ գաղափարը սավառնում է օդում, եւ տարբեր դիզայներներ որսում են այն ու իրագործում, իհարկե, յուրովի»: Այս մտքի հետ ինքս էլ լիովին համամիտ եմ: Ցանկացած ստեղծագործող կարող է ոգեշնչվել մեկ այլ ստեղծագործողի աշխատանքից, սակայն արհեստավարժությունը, կարծում եմ, երեւում է, երբ աշխատանքի մեջ ներկա է քո ստեղծագործական ձեռագիրը:

Պատրաստեց` Շուշան Շատիկյանը



© NEWS.am STYLE