Մավր Մկրտչյանը՝ իր տեսահոլովակի եւ հայկական շուկայում ներկայացվող երգերի մասին

19:55   26 մարտի, 2015

Երգիչ Մավր Մկրտչյանը վերջերս ներկայացրեց  «Դլե յաման» ստեղծագործությունը։ Երգիչը զրուցել է իր աշխատանքի եւ ներկայիս հայկական շուկայում ներկայացվող երգերի մասին։

Ինչպիսի՞ արձագանք է ունեցել «Դլե յաման» տեսահոլովակը։

Արված գործի գաղափարական բովանդակության եւ իր ծավալի համեմատ իմ սպասածից քիչ թույլ էր, որովհետեւ այս գործի մեջ այն թիմային աշխատանքը, որ կատարվել էր պիտի ավելի մեծ արդյունք տար։


Ի՞նչ ես կարծում, դա կապվա՞ծ է երգի «ծանր» լինելու հետ։

Միգուցե, ձեր ասածի մեջ ճշմարտություն կա, թեեւ կան նաեւ մի քանի այլ պատճառներ ՝ նախ այն, որ մարդիկ սովորել են լսել «թեթեւ» երաժշտություն, որոնք մատուցվում են հիմնականում կոմերցիոն նպատակներով, ինչը եւ բերում է դժվարությունների արվեստի գործեր ներկայացնելու դեպքում։

Իսկզբանե գիտեի՞ր, որ փող չես աշխատելու այդ երգով։

Միանշանակ վստահ էի, բայց դա ինձ չխանգարեց, որ գեղեցիկ ու մնայուն գործ ունենալու համար ներդնեմ բավականին լուրջ գումարներ։ Պրեմիերայից հետո հակասական կարծիքներ հնչեցին, սակայն ես մնում եմ նույն համոզմունքին, որ պետք էր այդ ստեղծագործության վրա ծախսվեին այդ մի քանի զրոներով գումարները։


Երգիչները փող աշխատելու հույսով երգում են «Հարսանիք է լինելու», «Հայրիկ» , «Մայրիկ» , «Քավոր»,  «Ծնունդդ շնորհավոր,  դու ինչո՞ւ ընտրեցիր «Դլե յամանը»:

Որքանով տեղյակ եմ «Փեսայի պարը»  ոչ մեկը դեռ չի երգել, երեւի ես երգեմ (ծիծաղում է):  Իսկ եթե լուրջ , երգչի պատմության մեջ պիտի լինեն կատարումներ, որոնք կհիշեցնեն ազգային պատկանելիության մասին, որը իմ կարծիքով յուրաքանչյուր կատարողի առաքելությունն է։ Դեմ չեմ, որպեսզի լինեն նաեւ կոմերցիոն բնույթի երգեր, բայց ոչ այնքան որ դառնա բարեկեցիկ կյանքի նպատակ։ Հասկանում եմ առանց դրանց էլ հնարավոր չէ ։


Ինչպե՞ս ես վերաբերվում ա-երով վերջացող երգերին ՝ «Կորել ա», «Եկել ա»:

Ես չեմ երգի, բայց երգողներին չեմ քննադատում։

Ի՞նչ ծրագրեր ունես առաջիկայում։

Ապրիլի չորսին մեկնում եմ ՌԴ, յոթ քաղաքներում համերգներ ունենք, իսկ ապրիլի վերջում կամերային երգչախմբի հետ Շվեյցարիա կրկին համերգային շրջագայության, մայիս ամսին նախատեսված է նոր տեսահոլովակի նկարահանում։



© NEWS.am STYLE