Լուիզա Ներսիսյանը, Վիգեն Ստեփանյանը, Նարեկ Հայկազյանն ու այլք՝ «Արտավազդ-2015»-ի մրցանակակիրներ

22:44   27 մարտի, 2015

Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, կայացավ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որը նվիրված էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի ծննդյան 85-ամյակին: Հենց նրա մասին տեսանյութով էլ բացվեց մրցանակաբաշխությունը: Այնուհետ հանձնվեց Սոս Սարգսյանի անվան մրցանակը, որին արժանացավ Արման Նավասարդյանը:

«Ես հարուստ էի Սոսով, եւ այս մրցանակն ինձ էլ ավելի հարստացրեց: Ինձ համար մեծ պատիվ է ստանալ այն»,-ասաց նա:

«Լավագույն երիտասարդ դերասանուհի» կոչմանն արժանացավ Սիրանույշ Լազյանը:

Իր շնորհակալական խոսքում դերասանուհին ասաց. «Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ինձ հավատացին: Խոստանում եմ անել ամեն ինչ, որպեսզի ինձանից չհիասթափվեք»:

Այս անվանակարգի երկրորդ արձանիկը բաժին ընկավ Անի Ղազարյանին:

«Լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգում նույնպես երկու հոգի մրցանակի արժանացան՝ Արմեն Քուշկյանը եւ Նարեկ Հայկազյանը:

«Լավագույն երիտասարդ ռեժիսոր» ճանաչվեց Նարինե Գրիգորյանը՝ «Լյու-Բոֆ»  ներկայացման համար:

Իր շնորհակալական խոսքում Նարինեն նկատեց, որ կենդանության օրոք Սոս Սարգսյանն իրեն հաճախ էր կանչում եւ հարցնում, թե ինչու թատրոն չի բեմադրում: «Երբ նա հիվանդացավ, ես հասկացա, որ եկել է ժամանակը, որ ես ցույց տամ, թե ինչքան եմ սիրում նրան: Ցավոք, նա չհասցրեց գալ ու տեսնել ներկայացումը: Ներկայացման մեջ պակասում են Սոս Սարգսյանի խորհուրդները»,-նկատեց նա:

«Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում մրցանակ ստացավ Զառա Անտոնյանը՝ «Թմկաբերդի առումը» ներկայացման համար:

Հատկանշական է, որ ժյուրին «Լավագույն պիես» անվանակարգում ընդգրկված պիեսներից եւ ոչ մեկը արժանի չհամարեց մրցանակ ստանալու: Մրցանակը հանձնելու համար բեմ բարձրացած Կարինե Խոդիկյանն ասաց, որ այս ասպարեզում մրցանակի արժանանալու համար դեռ շատ անելիքներ կան:

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» մրցանակը ստացավ Լոլիտա Բուկինան «…Ինչպես Աստվածները» ներկայացման համար, իսկ նույն անվանակարգի լավագույն դերասան՝ Հայկ Թորոսյանը ( «Աշնանային իրիկնամուտ»):

«Արտավազդ-2015» մրցանակաբաշխության տարվա լավագույն դերասանուհիներ ճանաչվեցին Ռուզան Գասպարյանը («Չորս պատճառ ամուսնության համար» ) եւ Լուիզա Ներսիսյանը («Ամնեզիա»): Վերջինս իր խոսքում իրեն հատուկ հումորով նշեց, որ իր եւ ժյուրիի անդամների կարծիքը համընկել է:

Տարվա լավագույն դերսաններ ճանաչվեցին Կարեն Քոչարյանը («Ինչպե՞ս  են մարդ դառնում» ) եւ Վիգեն Ստեփանյանը («Լիր»):

Լավագույն ռեժիսոր ճանաչվեց Գրիգոր Խաչատրյանը՝  «12-րդ գիշեր կամ… Սիրուց եմ մեռնում», ներկայացման համար, իսկ տարվա լավագույն ներկայացումն է «Սիրելի Պամելան» (բեմադրիչ՝ Նարինե Մալյան):

«Արտավազդ-2015»-ում շնորհվեցին նաեւ այլ մրցանակներ.

«Լավագույն սցենոգրաֆիա»- Անդրանիկ Հարությունյան («Սիրելի Պամելա»)

«Լավագույն երաժշտության հեղինակ »- Արթուր Մանուկյան («12-րդ գիշեր կամ… Սիրուց եմ մեռնում»)

Թատերական գործիչների միության կողմից ոսկե մեդալներ շնորհվեցին Լեւոն Մութաֆյանին եւ Արթուր Կարապետյանին:

Շուշան Շատիկյան



© NEWS.am STYLE