Ամերիկայում բնակվող հայ դիզայների զգեստը լավագույնն է ճանաչվել (ֆոտո)

20:35   28 մարտի, 2015

Լիլիթ Մարկոսյանը, ով ներկայանում է Լիլիթ Ա Մարկս անվամբ,  սովորել է Լոս Անջելեսի նորաձեւության եւ դիզայնի ինստիտուտում (FIDM)։ Որտեղ պատիվ է ունեցել աշխատելու Ջոն  Սվայթեկի՝ ԱՄՆ-ի լավագույն պրոֆեսորներից մեկի մոտ, ով երկար տարիներ աշխատել է Օսկար դե լա Րենտայի, Ռալֆ Լորենի, Քելվին Քլայնի, Ջեֆրի Բենքսի հետ, եղել է Մարկ Ջեյքոբսի դասախոսը։

Լիլիթը մասկացել է FIDM Debut 2015 ցուցադրությանը։

«Շուրջ 100 դիզայներ դիմողներից ընտրվել էին 10 դիզայներ որոնց մեջ էի նաեւ ես։ Chalrlng Styles նախագծի շրջանակներում ցուցադրեցի երեկոյան զգեստ, որի կտորի դիզայներն էր Քրիստել Բրեհեմը, իսկ ինտերիեր դիզայները՝ Ջոզեֆ Նոյենը, վերջինս ներկայացրել է նույն կտորից պատրաստված բազկաթոռը»,- ասաց Լիլիթը։

Ցուցադրությունը անցկացվել է Սանտա Մոնիկայի Բարկեր Հենգեր սրահում։ Երեքօրյա ցուցադրությունը ունեցել է շուրջ 10000 հանդիսատես։

«Հրավիրված էին ԱՄՆ-ում նորաձեւության եւ մարկետինգի բնագավառում հայտնի բազմաթիվ հյուրեր, գործարարներ, ճանաչված մարդիկ, որոնցից էին NIKOLAKI բրենդի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն, Project Runway-ի 2-րդ եթերաշրջանի եւ Under the Gun նախագծի հաղթող, նորաձեւության էքսպերտ Նիք Վերրեոսը, ումից ջերմ գովասանքի խոսքեր լսեցի աշխատանքիս մասին եւ ում հետ պատիվ ունեցա աշխատել ցուցադրության ժամանակ, ինչպես նաեւ Բրեյդոն Մակդոնալդը՝ դիզայներ, «Մարկ Մորիս» պարային ստուդիայի պրոֆեսիոնալ պարող եւ այլոք»,- հավելեց Լիլիթը։

Նշենք, որ Լիլիթի մոդելավորած զգեստը այժմ ցուցադրությանն է դրված Լոս Անջելեսի Pacific Design Center ի սրահում։

 



© NEWS.am STYLE