Մահացել է Սերգեյ Լազարեւի հարազատ եղբայրը

10:02   30 մարտի, 2015

Անցյալ տարի հայտնի երգիչ Սերգեյ Լազարեւի եղբայրը՝ Պավելը, չորս տարի բանտում անցկացնելուց հետո, դուրս էր եկել այնտեղից։ Վերջինս բանտում հայտնվել էր թմրանյութեր պահելու համար։ Starhit-ը տեղեկացրել է, որ Պավելն ավտովթարի ենթարկվելուց մի քանի շաբաթ անց մահացել է։

Կլինիկայի մասնագետները, որտեղ ավտովթարից հետո տեղափոխել էին հայտնի երգչի եղբորը, հայտնել են, որ նրա մոտ արյունազեղում եւ արյան վարակ է հայտնաբերվել։

Այս մասին Սերգեյ Լազարեւը չէր բարձրաձայնել, սակայն Մերձմոսկվայում կայանալիք համերգից առաջ նրա երկրպագուները զգացել են, որ իրենց սիրելի երգիչն այնքան էլ բարձր տրամադրություն չունի։ Իսկ համերգի ժամանակ երգերից մեկը կատարելիս Սերգեյն արտասվել է։

«Պաշայի մահը անսպասելի էր մեր ընտանիքի համար,- ավելի ուշ պատմել է Սերգեյը։,- Նա այդ լուրջ ավտովթարից հետո ողջ էր մնացել, եւ մենք կարծում էինք, որ նա կապաքինվի, բայց օրեցօր նրա վիճակն ավելի էր ծանրանում»,- արտիստի խոսքերը մեջբերել է Super.ru-ն։

Այս միջադեպի պատճառով Սերգեյը չեղյալ է հայտարարել իր բոլոր միջոցառումները՝ նոր ալբոմի շնորհանդեսը, ծննդյան երեկոն։

Ի դեպ, Պավել Լազարեւը ապրիլի 1-ին կդառնար 32 տարեկան։

 



© NEWS.am STYLE