Մարիամ Մերաբովան՝ Հայաստանի հետ կապված իր հիշողությունների, «Ձայնը» նախագծի եւ առաջիկա համերգների մասին

17:50   30 մարտի, 2015

Մարիամ Մերաբովան իր հայաստանյան երկու համերգներից բացի, մենահամերգով հանդես կգա նաեւ Արցախում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ջազ երգչուհին ասաց, որ Ստեփանակերտում իր համերգը բարեգործական է լինելու:

Մերաբովան նշեց, որ վերջին անգամ Հայաստանում է եղել երկու տարի առաջ: Երգչուհին մինչ օրս չի համակերպվել Հայրենիքից հեռու ապրելու մտքի հետ. նա կարոտում է Երեւանը, իր բակը, թթի ծառն ու Թումանյան փողոցը, ուր անցել է իր մանկությունը:

Խոսելով Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք իր համերգի մասին, որը նշանկված է ապրիլի 5-ին, Մերաբովան նշեց, որ իր համար այդ բեմը երազանք է եղել: «Նույնիսկ չէի էլ երազում հանդես գալ այդ բեմում: Իհարկե, առաջին անգամ չեմ երգելու օպերային թատրոնում, սակայն մենահամերգն այնտեղ առաջինն է լինելու»,-ասաց երգչուհին:

Մարիամ Մերաբովան իր երեւանյան երկու համերգների ընթացքում հանդես կգա նաեւ անակնկալով: Երգչուհին առաջին անգամ հայերեն երգ կկատարի: Չցանկանալով բացել փակագծերը, այնուամենայնիվ, նա նշեց, որ կատարելու է Արթուր Գրիգորյանի երգերից մեկը, որը նա անչափ շատ է սիրում:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մարիամ Մերաբովան խոսեց նաեւ «Ռուսաստանի ձայնը» նախագծի մասին: Նա միանգամից ցրեց այն կասկածները, թե մրցույթն անարդար է եղել: Երգչուհին շատ շնորհակալ է իր մարզչից՝ Լեոնիդ Ագուտինից: Նա նշեց նաեւ, որ մրցույթն իրեն շատ բան է տվել՝ ե'ւ ավելի մեծ ճանաչում, ե'ւ ստեղծագործական նոր ձեռքբերումներ ու հաջողություններ:

Խոսելով հայ եւ ռուս հանդիսատեսի միջեւ տարբերությունների մասին, Մարիամ Մերաբովան ընդգծեց, որ հայ հանդիսատեսը երաժշտական առումով շատ կրթված է, պահանջկոտ, եւ անգամ մեծ ցանկության դեպքում անհնար է նրան խաբելը:

Հիշեցնենք, որ Մարիամ Մերաբովայի եւ «Միրայֆ» ջազ-բենդի համերգները տեղի կունենան՝ ապրիլի 1-ին՝ Ստեփանակերտում, ապրիլի 5-ին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, եւ ապրիլի 6-ին՝ «MEZZO» ակումբում:

Շուշան Շատիկյան



© NEWS.am STYLE