Քիմ Քարդաշյանն ու Քանիե Ուեսթը ելույթ են ունենալու «Եվրատեսիլ 2015»-ին

10:01   1 ապրիլի, 2015

Հիանալի նորություն «Եվրատեսիլ 2015»-ի կազմակերպիչների կողմից: Մայիսին կայանալիք մրցույթում որպես հյուր ներկայանալու են նաեւ Քիմ Քարդաշյանն ու Քանիե Ուեսթը: Զույգը բեմ է բարձրանալու առաջին կիսաեզրափակչի ժամանակ, երբ երկրորդ համարի ներքո ելույթ է ունենալու Հայաստանը ներկայացնող Geneology խումբը:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում մրցույթի կազմակեպիչներից մեկը՝ Մարկուս Խապելը, հայտնել է, որ Քիմն ու Քանիեն կատարելու են Քրիստինե Պեպելյանի եւ Հայկոյի «Ուշացած խոսքեր» երգը, ընդ որում՝ հայերեն:

Մենք փորձեցինք կապ հաստատել Քրիստինե Պեպելյանի եւ Հայկոյի հետ, բայց նրանց հեռախոսազանգերի փոխարեն հնչում էր Քանիե Ուեսթի հետեւյալ երգը՝

Քարդաշյանների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը նշել է, որ երգի ընտրությունը պայմանավորված է Քանիե Ուեսթի՝ հայկական շոու-բիզնեսը գրավելու ցանկությամբ:

«Քանիեն եւ Քիմը երկար մտածում էին երգի ընտրության հարցում, բայց ի վերջո կանգ առան հենց այդ երգի վրա, քանի որ նրանք հաճախ են այն լսում իրենց մեքենայի մեջ»,- հայտնել է աղբյուրը:

NEWS.am STYLE-ը շնորհավորում է բոլորին Ապրիլի 1-ի տոնի առթիվ: Հուսով ենք՝ կգնահատեք մեր հումորն ու ապրիլմեկյան կատակը, ինչպես նաեւ կպահպանեք ձեր բարձր տրամադրությունը ամբողջ օրվա ընթացքում:

Հ.Գ. Անցյալ տարի մենք կատակել էինք՝ գրելով, որ Քիմ Քարդաշյանը Հայաստան է գալու եւ պարզվեց, որ այն մարգարեական կատակ էր, քանի որ Քիմն իսկապես շուտով ոտք կդնի իր նախնիների հայրենիք:

Հ.Գ.Գ. Իսկ միգուցե մյուս տարի Քիմն իսկապես ելույթ ունենա «Եվրատեսիլ»-ին...



© NEWS.am STYLE