ԱՄՆ-ում փակել են այն պիցցերիան, որը հրաժարվել է գեյ-հարսանիքներ սպասարկել

12:04   2 ապրիլի, 2015

Սեռական փոքրամասնություններին վերաբերող հերթական սկանդալն է հասունանում ԱՄՆ-ում։ Օրեր առաջ հայտնի է դարձել, որ ամերիկյան Ինդիանա նահանգի Memories Pizza հաստատության սեփականատերերը հրաժարվել են նույնասեռականների հարսանիքների համար պիցցայի պատվեր ընդունել: Օ՚Քոնոր ընտանիքը, ում պատկանում է պիցցերիան, հայտարարել է, որ իրենց որոշմամբ չեն ցանկանում ոչ մեկին խտրականության ենթարկել:

«Մենք քրիստոնյա ենք: Եթե մեզ նույնասեռական զույգ այցելի եւ իրենց հարսանիքի համար պիցցա պատվիրի, ստիպված կլինենք հրաժարվել»,- ասել է ընտանիքի անդամներից մեկը։

Պիցցերիայի սեփականատերերը նաեւ նշել են, որ միաժամանակ ո՛չ նույնասեռականներին, ո՛չ այլ հավատքի մարդկանց չեն արգելում հաճախել իրենց հաստատություն եւ ընթրել: Պարզապես դեմ են նույնասեռական ընտանիքներին  եւ չեն ցանկանում նպաստել դրանց կազմավորմանը:

Մեկ օր անց Ինդիանայում ակտ է ընդունվել կրոնական ազատության մասին, որը թույլ է տալիս հաստատության սեփականատերերին չսպասարկել այն հաճախորդներին, որոնք վիրավորում կամ նվաստացնում են իրենց կրոնական զգացմունքները։

Սակայն TMZ-ն այսօր հայտնել է, որ տվյալ պիցցերիան փակվել է, քանի որ ընտանիքի հասցեին վիրավորական խոսքեր եւ սպառնալիքներ են հնչել սոցիալական կայքերում եւ անգամ հեռախոսազանգերի միջոցով։ Օ՚Քոնորների ընտանիքը մի որոշ ժամանակով փակել է իրենց հաստատությունը՝ սեփական անվտանգությունը պաշտպանելու համար։

 

 



© NEWS.am STYLE