Ավստրիական մամուլն անդրադարձել է NEWS.am STYLE-ի՝ Քիմ Քարդաշյանին նվիրած տորթին

10:01   12 ապրիլի, 2015

Վերջին 2-3 օրերի ընթացքում մեր փոքրիկ հանրապետությունն իր վրա բեւեռված է պահում համաշխարհային մամուլի ուշադրությունը: Դրանում համոզվելու համար պարզապես պետք է մտնել Google եւ գրել Հայաստան բառը: Արդյունքները ապշեցուցիչ են: Ի թիվս համաշխարհային այլ լրատվամիջոցների, Հայաստանի եւ այդ երկիր այցելած հանրահայտ Քիմ Քարդաշյանի մասին է հիշել նաեւ ավստրիական Salzburg պարբերականը, որը առանձնացրել է Քարդաշյանի հանդեպ երկրպագուների հարգանքը՝ զարմանքով նշելով, որ Երեւանում նրան անգամ տորթ են առաքել հյուրանոց:

Ավստրիական թերթը մասնավորապես գրում է. «Հանրահայտ ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն Հայաստան կատարած այցով զգալիորեն մեծացրեց իր երկրպագուների բանակը: Հարյուրավոր մարդիկ հետեւում էին նրան: Երկրպագուներն ու լրագրողները ամենուր քայլում էին նրա հետ՝ փողոցներում խցանումներ առաջացնելով: Նրանցից մեկը անգամ Քարդաշյանին նվիրեց վարդագույն տորթ ՝ գագաթին 34-ամյա հեռուստաաստղի պատկերով տիկնիկ:

Քարդաշյանը իր ամուսնու՝ հայտնի ռեփեր Քանիե Ուեսթի եւ դստեր հետ եկել է Հայաստան՝ իր նախնիների ծննդավայր, հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին: Նա ներողություն է խնդրել հայերեն չխոսելու համար եւ խոստացել է սովորել: Քարդաշյանը Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ խոստացել է շարունակել պայքարը Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար»,- հիշեցնում է Salzburg-ը:

Հիշեցնենք, որ նախօրեին NEWS. am STYLE-ը հատուկ Քիմ Քարդաշյանի համար մի մեծ տորթ է առաքել «Մարիոթ» հյուրանոց։ Այս հաճելի անակնկալն արդեն փոխանցել են ամերիկյան հայտնի հեռուստաաստղին։



© NEWS.am STYLE