«Չնայած Քանիեն շատ պահանջկոտ էր՝ հաճելի էր նրա հետ աշխատել». DJ Smoke

13:05   16 ապրիլի, 2015

Կարապի լճում Քանիե Ուեսթի համերգին մասնակցել է նաեւ DJ Smoke-ը: Վերջինս NEWS.am STYLE-ի հետ զրույցում պատմել է, որ իրեն հատուկ չեն հրավիրել՝ համերգին մասնակցելու:

«Համերգից մի քանի րոպե առաջ, երբ խոսեցի ընկերներիցս մեկի հետ, նա ինձ հայտնեց, որ Քանիեն պատրաստվում է համերգ տալ: Ես միանգամից գնացի Կարապի լիճ: Ընկերներիցս մեկը ինձ ասաց, որ ինչ-որ համակարգչի խնդիր կա, հնարավոր է ունենաս մոտդ համակարգիչ, ասեցի որ ինձ մոտ ամեն ինչ էլ կա: Բերեցի համակարգիչս եւ ես ու երաժշտության պատասխանատուն միասին հետեւում էինք, թե Քանիեն ինչ է մեզ ասում, որ երգից հետո որը պետք է դնենք»,- նշեց DJ-ը:

DJ Smoke-ը խոսքով համերգը ծրագրվել է շատ պատահական: Քիմ Քարդաշյանի եւ Քանիե Ուեսթի թիկնապահը անվտանգության աշխատողներին հայտնել էր, որ Քանիեն ցանկանում է բացօթյա համերգ տալ եւ կարճ ժամանակահատվածում կազմակերպել են՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությամբ:

«Սովորաբար նմանատիպ համերգներ դեռեւս մեկ ամիս առաջ են կազմակերպվում: Մեգա աստղի կողմից սա աննախադեպ համերգ էր: Տպավորություններս մեծ են: Շնորհակալություն նրանց, որ մեզ այդպիսի նվեր մատուցեցին: Չեմ ընդունում այն քննադատող մարդկանց, ովքեր չարժեւորելով նրանց արարքը, չարախոսում են: Նրանք իրենց այցով, համերգով այնքան օգուտ տվեցին Հայաստանին, որ այսքան ժամանակ ոչ մեկը չէր տվել»,- ասաց Smoke-ը:

DJ-ը նշեց, որ Քանիեի հետ աշխատելը հաճելի էր: Մեգաաստղը շատ պահանջկոտ է եղել. «Պահանջում էր, որ որակով լինի ամեն ինչ, բայց միեւնույն ժամանակ նա իրեն շատ համեստ էր պահում: Կուզեի, որ մեր հայ արտիստները նայեն եւ սովորեն, թե ինչպես կարող է 21 «Գրեմմի» շահած աստղը այդքան համեստ լինել»։

Իսկ ջուրը ցատկելը Քանիեն որոշել է հենց համերգի ժամանակ, ոչ մեկը չի իմացել նրա մտադրության մասին:

«Նա մոտեցավ երաժշտության պատասխանատուին ասաց, որ պատրաստվում է ցատկել, եւ երբ ցատկի նա պետք է դնի այն երաժշտությունը, որը ասել էր Քանիեն: Սկզբում մենք չհասկացանք նրան: Մտածում էինք, որ բեմում է պատրաստվում ինչ-որ բան անել: Երբ ցատկեց չեմ կարող բացատրել, թե ինչ էի զգում: Զարմացած էինք բոլորս նրա այդ քայլից»,-ասաց DJ-ը ավելացնելով. «Մեր հայ արտիստներին պակասում է դրսի դպրոցը, որպեսզի կարողանան նմանատիպ շոու անել: Մենք ունենք շատ տաղանդավոր արտիստներ, բայց չկա այդ դպրոցը: Բացի այդ, խանգարում է մերօրյա հայկական ռաբիզ, ռետորանային, արաբական, մուղամական երաժշտությունը, որը ներկայացնում են շատերը, իսկ մարդիկ, ցավոք, լսում են նմանատիպ երաժշտություն»:

Լուսանկարը՝ DJ Smoke-ի ֆեյսբուքյան էջից

Զրուցեց՝ Մելինե Տոնոյանը



© NEWS.am STYLE