«Գրական տապան». հայ եւ օտարազգի մասնակիցները կընթերցեն Եղեռնի զոհ դարձած գրողների ստեղծագործություններից

14:25   21 ապրիլի, 2015

Ապրիլի 21-ին, ժամը 16:00-ին Երևանի պետական կամերային թատրոնում տեղի կունենան «Գրական տապան. ապրիլ» միջազգային փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը, ինչպես նաև գրական ընթերցումներ: Փառատոնի հայ և օտարազգի մասնակիցները կընթերցեն եղեռնի զոհ 10 գրողների`   Սիամանթոյի, Դանիել Վարուժանի, Ռուբեն Սևակի, Արտաշես Հարությունյանի, Ինտրայի, Գրիգոր Եսայանի, Իսրայել Տխրունու, Արմեն Դորյանի, Մառի Պայլերյանի և Տոնապետ Լյուլեճյանի ստեղծագործություններից:

«Գրական տապան. ապրիլ» միջազգային փառատոնը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Օտարազգի հյուրերը` գրողներ, գիտնականներ, լրագրողներ, հրատարակիչներ, այս ձեռնակրումով ոգեկոչում են Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը` զորակցելով հայ ժողովրդին:   «Գրական տապան. ապրիլ» փառատոնը և Հայաստանը Ապրիլի 21-ի այս ձեռնարկով միանում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համաշխարհային գրական ընթերցումներին, որոնք նախաձեռնել են Բեռլինի պոեզիայի փառատոնը և Գերմանիայի «Լեփսիուսի տուն» հետազոտական կենտրոնը:

«Գրական տապան. ապրիլ» միջազգային փառատոնն (ապրիլի 20-29) անց է կացնում Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական կազմակերպութունը: Աջակիցներն են ՀՀ մշակույթի նախարարությունն ու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը:



© NEWS.am STYLE