System of a Down-ի բաս կիթառահարն այսօր դարձավ 41 տարեկան. երկրպագուները նրան երգով շնորհավորեցին. տեսանյութ

16:17   22 ապրիլի, 2015

System of a Down ռոք խմբի անդամներ Ջոն Դոլմայանն ու Շավո Օդաջյանն այսօր՝ ապրիլի 22-ին, կեսօրից հետո դուրս եկան «Մարիոթ» հյուրանոցից, ստորագրություններ բաժանեցին եւ լուսանկարվեցին հյուրանոցի առջեւ առավոտից իրենց իրենց սպասող բազմաթիվ երկրպագուների հետ:

Նշենք, որ այսօր ռոք խմբի բաս կիթառահար Շավո Օդաջյանի ծննդյան օրն է, լրանում է նրա 41-ամյակը: Երկրպագուները նրան դիմավորեցին Happy birthday երգելով: Շավո Օդաջյանը շնորհակալություն հայտնեց եւ նշեց, որ շատ է սիրում երկրպագուներին։

System of a Down ռոք խմբի անդամները ստորագրում էին երկրպագուների բերած նկարների, պաստառների,  ձեռքերի եւ կիթառների վրա:Երկրպագուները հյուրանոցի տարածքից չեն հեռանում, անընդհատ վանկարկում են խմբի անդամների անունները, սպասում են ռոք խմբի մյուս երկու անդամներին՝ Սերժ Թանկյանին եւ Տարոն Մալաքյանին:

Նշենք, որ System of a Down ռոք խումբն ամբողջական կազմով արդեն Հայաստանում է։

Խմբի անդամները նախօրեին են ժամանել Հայաստան։Հիշեցնենք, որ ապրիլի 23-ի երեկոյան խումբը Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բացօթյա համերգ է տալու Հանրապետության հրապարակում իր Wake up the Souls համերգային շրջագայության շրջանակում։



© NEWS.am STYLE