Քիմ Քարդաշյանը՝ Variety նախագծում

11:33   25 ապրիլի, 2015

Մեծ հեղինակություն վայելող ամերիկյան Variety ամսագիրը, որն արդեն ներկայացրել է իր ավանդական վարկանիշային աղյուսակում՝ «Power of Women»-ում (կանանց ուժը), տեղ գտած աստղերի անունները, Նյու Յորքում կազմակերպել է հատուկ երեկույթ։ Միջոցառմանը ներկա է եղել նաեւ Քիմ Քարդաշյանը, ով ամսագրի կողմից ճանաչվել է բարեգործությամբ զբաղվող աշխարհի ամենաազդեցիկ կանանցից մեկը։

Վարկանիշային աղյուսակում ընդգրկված աստղերը նկարահանվել են ամսագրի նոր ֆոտոշարքում եւ պատմել իրենց ծավալած գործունեության մասին։ Ձեզ ենք ներկայացնում Քիմ Քարդաշյանի խոսքը։

«Հայրս մահացել է քաղցկեղի պատճառով, եւ ես հիշում եմ, թե ինչպես էր նա տառապում։ Այդ երեխաները այնքան ուժեղ են, բայց նաեւ մեր օգնության կարիքն ունեն։ Նրանց ծնողները նույնպես դժվարին ուղի են անցնում իրենց երեխաների հետ։ Երբ այս ամենը գիտակցում ես, կյանքի հանդեպ ունեցած հայացքներդ միանգամից փոխվում են»,- ասել է 34-ամյա հայուհին։

Նշենք, որ Քիմ Քարդաշյանը մեծապես օգնում է Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցին։ Նա ոչ միայն գումար է փոխանցում, այլեւ պարբերաբար այցելում ու շփվում է հիվանդների հետ։



© NEWS.am STYLE