«Ձեր համերգին ամեն իրար կպնելուց մարդիկ փաթաթվում էին». վիտամինցի Գարիկը՝ Սերժ Թանկյանին

13:50   25 ապրիլի, 2015

Այսօր ԹՈՒՄՈ կենտրոնում Տիգրան Մանսուրյանի, Տիգրան Համասյանի, Սերժ Թանկյանի, Լիլիթ Պիպոյանի եւ Արթուր Ավանեսովի մասնակցությամբ երաժշտական համաժողովի ներկա էր նաեւ վիտամինցի Գարիկը, ով ցանկացավ հարց ուղղել մասնագետներին:

Հումորիստն ասաց, որ իր երազանքներից է եղել առանձին-առանձին հանդիպել եւ շփվել այս երաժիշտների հետ, սակայն բոլորի հետ միասին անգամ չի  էլ երազել շփվել: Գարիկը  նշեց, որ համաձայն չէ երաժիշտների այն մտքի հետ, թե կարող է լինել մի ինստիտուտ, որտեղ կլինեն երաժշտության բոլոր տեսակները:

«Ես կարծում եմ, որ երաժշտության կոնկրետ տեսակ դաստիարակում է մարդու կոնկրետ տեսակ: Երբ որ իմ դիմացը ավտոմեքենա է կտրում, երբեւէ չի եղել, որ այնտեղից հնչի ռոք կամ ջազ: Պարոն Թանկյան, ձեր համերգին այնպիսի մասսա էր եկել, որը ես նույնիսկ չգիտեի, որ կա: Ես համոզված եմ, որ եթե այդ տարածքում լիներ 60 հազար մարդ եւ հնչեր՝ չասեմ, թե ինչ երաժշտություն, ամեն իրար կպնելուց՝ դանակահարությամբ կավարտվեր: Իսկ ձեր համերգին ամեն իրար կպնելուց մարդիկ փաթաթվում էին»,- ասաց Գարիկը՝ խնդրելով պատասխանել իր հարցին, թե ու՞մից է կախված, որ նրանց երաժշտությունն ավելի շատ լինի:

Պատասխանելով հարցին, Տիգրան Համասյանն ասաց, որ պետք է ցենզուռա լինի, քանի որ, ըստ նրա, հայկական հեռուստատեսությունները 90 տոկոս աղբ են հեռարձակում: Սրան ի պատասխան՝ Տիգրան Մանսուրյանն ասաց, որ արգելք դնելով՝ հարցը չի լուծվի:

«Այն ռաբիսը, որը հնչում է մեր շուրջը, դա մեր կյանքն է, ուրեմն՝ ոչ թե արգելելն է խնդիրը, այլ մեր կյանքը բարելավելը, որ երիտասարդները գնան արտասահման, սովորեն, զարգանան եւ այլեւս չսիրեն այդ երաժշտությունը»:

Շուշան Շատիկյան



© NEWS.am STYLE