Հավի միս՝ մեղրի սոուսով պատրաստված

19:27   26 ապրիլի, 2015

Մեղրի սոուսով պատրաստված հավի միսը առանձնանում է իր յուրահատկությամբ եւ պատրաստման հեշտ եղանակով։ Այս կերակրատեսակը պատրաստելու համար խոհարարական ոչ մի հմտություն չի պահանջվում, պարզապես հարկավոր է գնել հետեւյալ բաղադրիչները՝

Հավի միս՝ 2-2.5 կգ.

Մարինադի համար հարկավոր է՝

Մեղր՝ 2-3 ճաշի գդալ

Բուսական յուղ

Սխտոր՝ 2 պճեղ

Աղ, համեմունքներ

Պատրաստման եղանակը՝

Իհարկե առաջին հերթին պետք է մաքրել հավը, լվանալ եւ կտրատել մեծ կտորներով։

Մարինադի պատրաստման համար պետք է բուսական յուղի մեջ 2-3 գդալ մեղր լցնել։ Առանձին տարայի մեջ հարկավոր է խառնել ծեծված սխտորը, աղն ու համեմունքները։ Այնուհետեւ անհրաժեշտ է սխտորի զանգվածը լցնել բուսական յուղով լի տարայի մեջ եւ լավ խառնել։ Մարինադը պատրաստ է։

Այնուհետեւ հարկավոր է հավի կտորները ընկղմել մարինադի մեջ եւ տեղավորելով հարմարավետ ամանի մեջ՝ թողնել ամբողջ գիշերվա ընթացքում։ Գիշերվա ընթացքում հավի կտորները կներծծեն համեմունքների համն ու հոտը։

Հաջորդիվ հավի կտորները պետք է փաթաթել փայլաթիթեղի մեջ եւ տեղափոխել ջեռոց՝ եփելով 15-30 րոպե։ Իսկ վերջում պետք է հանել փայլաթիթեղը եւ մարինադի մնացած մասը լցնել հավի կտորների վրա ու շարունակել եփել։

Աղբյուրը՝ Otvetin



© NEWS.am STYLE