Սերժ Թանկյանը Երեւանում մասնակցեց «1915» ֆիլմի պրեմիերային. ֆոտոռեպորտաժ

23:59   25 ապրիլի, 2015

Այսօր՝ ապրիլի 25-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «1915» հոգեբանական թրիլլերի երեւանյան պրեմիերան: Ֆիլմի սցենարի հեղինակը եւ ռեժիսորը Կարին Հովհաննիսյանն է՝ հայտնի քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանի որդին, գլխավոր դերերում հանդես են եկել Սիմոն Աբգարյանն ու Անժելա Սարաֆյանը: Երաժշտության հեղինակը Սերժ Թանկյանն է:

Նախքան ֆիլմի ցուցադրությունը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Կարին Հովհաննիսյանն ասաց, որ «1915»-ը տարօրինակ եւ գաղտնիքներով լի ֆիլմ է: 

«Սա սովորական ֆիլմ չէ: Ես ցանկանում էի մի կողմից ներկայացնել մեր անցյալը, բայց նոր ժամանակակից լեզվով, ժամանակակից հանդիսատեսի համար՝ հասցնելով նրան 1915 թվականի ողբերգության իմաստը»,-նշեց նա՝ հավելելով, որ ֆիլմը նկարահանվել է 20 օրում: Նկարահանումներն հիմնականում տեղի են ունեցել Լոս Անջելեսի թատրոններից մեկում, որն, ի դեպ, հիմնադրել է Չարլի Չապլինը:

«1915»-ն արդեն ցուցադրվել է ԱՄՆ մի շարք քաղաքներում, Մոսկվայում եւ Բեռլինում: Ֆիլմի երեւանյան պրեմիերային ներկա էին Անժելա Սարաֆյանը, Սերժ Թանկյանը, Րաֆֆի եւ Արմինե Հովհաննիսյանները, Միքայել Պողոսյանը, Նարեկ Դուրյանը, Սերգեյ Դանիելյանը, Սիրուշոն եւ հայտնի այլ հյուրեր:

Րաֆֆի Հովհաննիսյանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց, որ անխոս հպարտություն է զգում ֆիլմը դիտելուց հետո, իսկ նրա կինը՝ Արմինե Հովհաննիսյանը, նշեց.

«Ես ֆիլմը գնահատում եմ որպես արվեստի գործ, ինչպես նկարչական կտավին յուրաքանչյուրն իր մեկնաբանությունն է տալիս, այնպես էլ այս ֆիլմին յուրաքանչյուր հանդիսատես իր մեկնաբանությունը կտա եւ կվերցնի այն, ինչն իրեն է հոգեհարազատ: Ինձ համար այս ֆիլմը մեծ սիրո, զոհաբերության պատմություն է, ամուսին, որն այնքան է սիրում իր կնոջը, որ նրա ցավը մեղմացնելու համար զոհաբերում է ամեն ինչ՝ իր անունը, իր պատիվը»:

Տեքստը՝ Շուշան Շատիկյանի

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

Տեսանյութը՝ Մելինե Տոնոյանի



© NEWS.am STYLE