«Քրոնոս»-ի անդամները տպավորված են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցից (ֆոտո)

15:51   28 ապրիլի, 2015

Աշխարհահռչակ «Քրոնոս» լարային քառյակը Հայաստանում է: Ապրիլի 29-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք համերգից առաջ քառյակի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Այցը տպավորիչ է եղել նրանց համար:

«Քրոնոսի» հիմնադիր Դեյվիդ Հարինգթոնն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իր կյանքի ամենահզոր զգացմունքներն է ապրել Ծիծեռնակաբերի բարձունքում: Նա տպավորված է եղել նաեւ այնտեղ տեսնելով բազմաթիվ դպրոցականների:

«Իսկապես ազդված եմ: Շատ հուզիչ է Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով համերգ տալը: Շատ հուզված եմ»,-նշեց երաժիշտը:

 

Հատուկ այս համերգի համար «Քրոնոսը»   նոր գործ է պատվիրել հայկական ծագմամբ ամերիկացի կոմպոզիտոր

 Մարի Կույոմջյանին, որը նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Սա «Քրոնոս»-ի առաջին այցը չէ Հայաստան: Մոտ 3-4 տարի առաջ է խումբն առաջին անգամ համերգ տվել Հայաստանում, եւ եթե մի քանի տարի առաջ երազանք էր նրանց տեսնելը մեր երկրում, ապա այսօր` ոչ:

Խմբի մյուս անդամներից Հենք Դաթը նշեց, որ փոփոխություններ է տեսնում Հայաստանում ճանապարհների, մեքենաների ոճի, արտաքին ձեւավորման մեջ, սակայն կա մի քանի բան, որը չի փոխվել. «Դա հայերի ջերմությունն է, հյուրասիրությունը եւ կերակուրները»,- նշեց նա:


Ի դեպ, հատկանշական է, որ երաժիշտներին զարմացրել է ասուլիսին ներկա երիտասարդ լրագրողների թիվը: «Մենք շատ ենք շրջագայում աշխարհում եւ բազմաթիվ ասուլիսներ ենք ունեցել, որին միշտ ներկա են եղել հոգնած եւ տարիքով լրագրողներ: Ինձ համար շատ զարմանալի է այսքան մեծ թվով երիտասարդ լրագրողների տեսնելը»,-նշեց քառյակի հիմնադիրը:


Հիշեցնենք, որ «Քրոնոս» լարային քառյակի համերգը տեղի կունենա ապրիլի 29-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ժամը 19:00-ին: Համերգը տեղի կունենա ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության, Երեւանի քաղաքապետարանի եւ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ:

Տեքստը` Շուշան Շատիկյանի

Լուսանկարները` Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE