Ինչպես կարելի է ինքնուրույն մակարոն պատրաստել

20:05   6 մայիսի, 2015

Շատ տնային տնտեսուհիներ ինքնուրույն են մակարոն պատրաստում։ Համաձայնեք, որ ավելի համեղ ոչինչ չկա, քան սեփական ձեռքերով պատրաստված մակարոնն ու լապշան։ Իհարկե, մակարոնեղեն կարելի է գնել ցանկացած սուպերմարկետից, բայց կարելի է նաեւ պատրաստել տանը։

Տնային պայմաններում մակարոն պատրաստելու համար մեծ ջանքեր հարկավոր չեն։ Անհրաժեշտ է բարձր եւ առաջին դասի ալյուր, որի շնորհիվ մակարոնն ավելի ամուր ու փարթամ կլինի, ձու, սառը ջուր եւ աղ։ Վերջ։

Ալյուրը հարկավոր է լցնել խորը տարայի մեջ, ջարդել ձուն, համեմել աղով ու խմոր ստանալ՝ մի քիչ ջուր ավելացնելով։ Հաջորդ քայլով սեղանի վրա պետք է ալյուր շաղ տալ եւ խմորը եւս մեկ անգամ հունցել։ Այնուհետեւ պետք է գրտնակել խմորը, ալյուր շաղ տալ եւ կտրատել մակարոնի ձեւով։ Ճիշտ կտրելու համար անհրաժեշտ է սուր դանակի վրա ալյուր լցնել։

Ստացված կտորները հարկավոր է դնել ալյուրով պատված սկուտեղի վրա եւ թողնել խոհանոցում կամ պատշգամբում, որ չորանան։ Այս գործընթացի համար պահանջվում է մեկ օր։ Մակարոնն արդեն կարելի է եփել կամ պահել պարենի համար նախատեսված տարայում։

 

Աղբյուրը՝ picantecooking.com



© NEWS.am STYLE