Շառլ Ազնավուրը այսօր ներկայացնելու է իր 51-րդ ալբոմը՝ «Encores»

17:31   4 մայիսի, 2015

Մայիսի վերջին Շառլ Ազնավուրը կնշի ծննդյան 91-րդ տարեդարձը, սակայն մինչ այդ աշխարհահռչակ շանսոնյեն ներկայացնելու է իր 51-րդ ալբոմը՝ «Encores», որում ընդգրկված է 12 երգ։ France Info ռադիոկայանի փոխանցմամբ՝ ալբոմում ներառված են այն ստեղծագործությունները, որոնք արտացոլում են արտիստի հաղթանակներով ու անկումներով լի երիտասարդությունը։ Ալբոմն ասես երգչի նոստալգիկ հիշողությունները լինի։ Եվ եթե քննադատները նշում են, որ շանսոնյեի տարիքը «հիշեցնում է իր մասին», ապա իրականում այն նոր շունչ ու հմայք է հաղորդում ձայնասկավառակին։

Նշենք, որ սեպտեմբերին մեծանուն երաժիշտը պատրաստվում է համերգային մեծ ծրագրով ելույթ ունենալ Փարիզի «Palais des Sports de Paris» սրահում՝ միակ բեմը, որտեղ Ազնավուրը դեռ չի երգել։ Համերգից հետո շանսոնյեն մտադիր է մեկնել Սան-Սեբաստիան եւ Ամստերդամ։

Մայիսի 7-ին Շառլ Ազնավուրը գնալու է Բեյրութ։ Հայտնի է նաեւ, որ այժմ Ազնավուրը աշխատում է «Նեպտուն» օպերացիայի մասին բեմադրվող նոր ներկայացման երաժշտության վրա։ Աշխատանքը կներկայացվի 2016թ-ին։



© NEWS.am STYLE