Մայիս. ամուսնանա՞լ, թե՞ ոչ

19:34   4 մայիսի, 2015

Գարնան ամենագեղեցիկ ու տաք ամիսը՝ մայիսը, «դժբախտ» ամիս է համարվում հարսանիքների համար։ Եվ որքան էլ ասեն, թե դա ընդամենը սնահավատություն է, միեւնույն է՝ հատկապես մայիս ամսին կտրուկ նվազում է հարսանիքների թիվը։ Շատ զույգեր, սակայն, ովքեր ռիսկի են դիմել եւ ամուսնացել են մայիսին, պնդում են, որ պակաս երջանիկ չեն քան, ասենք, ապրիլին կամ փետրվարին ամուսնացածները։ Ուրեմն՝ ինչու՞մն է խնդիրը, ինչու՞ մինչ օրս շատ սիրահարներ խուսափում են պսակադրվել այս ամսին։

Տարբեր աղբյուրներում նշվում է, որ մայիս-վայիսը հնուց եկած սնահավատություն է, սակայն իրականում հնում մարդիկ մայիսին հարսանիք չեն արել, քանի որ պարզապես բավարար միջոցներ չեն ունեցել։ Ժողովուրդը գարնան առաջին ամիսներին զբաղված է եղել վարուցանով, իսկ ձմեռվա պաշարները բավարար չեն եղել մայիսին խնջույք անելու համար. ստիպված են եղել սպասել։ Այստեղից էլ գալիս է մայիսին հարսանիք չանելու սովորությունը։  

Բարեբախտաբար, անցել են այդ ժամանակները, եւ ներկայիս սննարդյունաբերությունը թույլ է տալիս տարվա ցանկացած եղանակին գնել ուզածդ պտուղ-բանջարեղենն ու մթերքը, բայց միեւնույն է՝ մարդիկ դեռ շարունակում են մայիսը կապել իրենց դժբախտությունների հետ։ Իմ բարեկամուհիներից մեկն ամուսնացել է մարտ ամսին, մեկ ամիս անց բաժանվել է։ Մյուս ծանոթս էլ հարսանիքն արել է մայիսին. նա իր ամուսնու հետ է արդեն չորս տարի։

Միգուցե խնդիրը ձե՞ր մեջ է, ոչ թե մայիս ամսվա...

Հեղինակ՝ Աշա



© NEWS.am STYLE