«Քեզ հետ, առանց քեզ» նոր տեսահոլովակս նվիրված է նախկին սիրուս. Նարեկ Մակարյան

22:00   6 մայիսի, 2015

«Առագաստ» սրճարանում այսօր՝ մայիսի 6-ին, երգիչ Նարեկ Մակարյանն ընկերներին, հարազատներին եւ երկրպագուներին ներկայացրեց նոր տեսահոլովակ, որը կոչվում է «Քեզ հետ, առանց քեզ»։ Երգի երաժշտության հեղինակը Նարեկն է, խոսքերինը՝ Գայանե Ավետիսյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Սերժ Գաբյանն է։

«Այս երգից մեծ սպասելիքներ ունեմ եւ վստահ եմ, որ այն կսիրվի։ Այն ծնվել է մեծ սիրուց հետո, որն արդեն չկա եւ կա միայն հիշողություն։ Երգը նվիրված է այդ աղջկան»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Նարեկը։

«Քեզ հետ, առանց քեզ» տեսահոլովակը Նարեկի եւ Սերժի երրորդ համագործակցությունն է։ Տեսահոլովակում Նարեկը մարմնավորել է մի երիտասարդի, որը մահացել է ավտովթարից, եւ նրա անհանգիստ հոգին դեռ սավառնում է մի սենյակում։

«Տեսահոլովակի իմաստը պարզ է դառնում միայն վերջում։ Իրականում, շատ դժվար էր մարմնավորել հոգին, որը անհանգիստ է եւ տանջվում է։ Սերժը, գեղագիտական եւ գեղարվեստական լուծումներ տալով, հետաքրքիր է դարձրել տեսահոլովակը։ Ես ինքս որպես հանդիսատես մեր հայակական շոու-բիզնեսում չեմ տեսել նման աշխատանք։ Տեսահոլովակի մտահղացումը Սերժինն է։ Նա միշտ կարողանում է օրիգինալ մտքեր առաջարկել։ Նա է նկարել իմ մյուս տեսահոլովակները, որոնք սիրվել են եւ արժանացել հավանության։ Վստահ եմ, որ այս տեսահոլովակն էլ բոլորը կսիրեն։ Սովորաբար, ես իմ երգերը չեմ լսում, բայց այս երգը շատ եմ լսում։ Ամեն անգամ լսելիս հիշողություններ են արթնանում»,- ասաց Նարեկը։

Տեսահոլովակում գլխավոր հերոսուհուն մարմնավորել է 16-ամյա Անգելինա Հովհաննիսյանը։ Նա առաջին անգամ է նկարահանվել տեսահոլովակում։

«Անգելինան, թեեւ չունի դերասանական փորձ, շատ լավ է կարողացել իր առաջ դրված խնդիրը կատարել։ Իսկ Նարեկի մասին միայն կասեմ, որ նա առաջին հեթին շատ լավ դերասան է»,- ասաց ռեժիսորն՝ ավելացնելով,- «Երգը լսելուց հետո միանգամից ծնվեց տեսահոլովակի սյուժեն։ Սա ինձ համար էլ էր նորություն, քանի որ մինչ այս նմանատիպ տեսահոլովակներ չեմ նկարահանել։ Երկար աշխատանքից հետո սպասելիքներս արդարացան։ Ունեցել եմ շատ բարդ նկարահանած տեսահոլովակներ, որոնց վրա այդքան չեմ աշխատել, արքան սրա»։

Մելինե Տոնոյան (ֆոտո՝ NEWS.am Style)



© NEWS.am STYLE