Ռեստորանների եւ հյուրանոցների գիդ. «ՇտիրԲիրԼից»

14:57   21 մայիսի, 2015

Վերջերս այցելեցի Ցվետնոյ բուլվարում գտնվող «ՇտիրԲիրԼից» ռեստորան եւ ցանկանում եմ կիսվել իմ տպավորություններով։

«ՇտիրԲիրԼից»-ն այն ռեստորանների թվին է պատկանում, որտեղ դուք անկասկած կփոխեք ձեր կարծիքը նման հաստատությունների մասին։ Այստեղ հաճախորդների համար այնպիսի հարմարավետ միջավայր է ստեղծված, որ կարելի է հանդիպում կազմակերպել եւ ընկերների, եւ գործընկների հետ։ Հավանաբար նկատել եք, որ վերջերս բոլոր ռեստորաններում «իշխում է» վինտաժային ոճը. «ՇտիրԲիրԼից» նույնպես բացառություն չէ։ Այստեղ կան գեղեցիկ եւ ընդարձակ սրահներ՝ հաճելի լուսավորությամբ, հարմարավետ ու փափուկ բազմոցներով եւ գեղեցիկ, փայտե աթոռներով:


photo by shtirbeer.ru

«ՇտիրԲիրԼից»-ը առաջարկում է մոտ 15 տեսակ գարեջուր՝ գերմանական, չեխական, բելգիական եւ ռուսական։ Մենյուում ընդգրկված են նաեւ տեկիլայով, շվեփսով եւ լոլիկի հյութով պատրաստված յուրահատուկ կոկտեյլներ։ Ի դեպ, մշտական հաճախորդների եւ սպորտային խաղերի սիրահարների համար գործում են հատուկ ակցիաներ ու անակնկալ նվերներ՝ անվճար գարեջրից սկսած, մինչեւ ուղեւորություն մեկ այլ երկիր։

Բացի գարեջրից, այստեղ կարելի է յուրահատուկ նախուտեստներ, բազմազան խավարտներ եւ մսային կերակրատեսակներ ճաշակել։ Ավելին, մենյուում կան նաեւ հատուկ բիզնես լանչեր, որոնց բաղադրիչները հաճախի փոփոխվում են։ Ուստի, «ՇտիրԲիրԼից» այցելելու եւ նոր ուտեստներ ճաշակելու առիթ միշտ կա։

Նշեմ, որ ես փորձեցի բավականին պարզունակ անվանում ունեցող «հավի թեւիկներ»։ Ուտեստի  արտաքին տեսքը շատ սովորական էր, սակայն համը հաճելիորեն զարմացրեց ինձ։ Հավի մարինացված եւ տապակված թեւիկներ՝ մատուցված մեղրի եւ կոնյակի, ինչպես նաեւ պանրի սոուսներով։ Ուտեստի համային երանգները՝ համադրված կոնյակի անկրկնելի բույրով, պարզապես անմոռանալի էին դարձնում այն։ Ավելացնեմ, որ ինձ գոհացրեց եւ սպասարկումը, եւ խոհանոցը, եւ ստեղծված հարմարավետ միջավայրը։ Կարծում եմ՝ մի օր անպայման կվերադառնամ այստեղ։ 

photo by shtirbeer.ru



© NEWS.am STYLE