Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը նշում է ծննդյան 91-ամյա հոբելյանը

15:10   22 մայիսի, 2015

Մեծանուն երաժիշտ, ում ձայնադարանում ավելի քան 1000 երգ կա, իսկ ձայնասկավառակները վաճառվել են 180 միլիոն օրինակով։ Իհարկե, խոսքը հայկական արմատներով ֆրանսիական հռչակավոր շանսոնյե Շառլ Ազնավուրի մասին է, ով այսօր նշում է ծննդյան 91-ամյա հոբելյանը:

Անսպառ էներգիա ունեցող ֆրանսահայ նշանավոր շանսոնիեն վերջերս ներկայացրել էր իր նոր «Encores» ալբոմը եւ ելույթ ունեցել Մադրիդում։ Ավելին, տաղանդավոր երաժիշտը սեպտեմբերի 15 եւ 27-ին պատրաստվում է մենահամերգ տալ Փարիզի «Palais des Sports» սրահում։

Շառլ Ազնավուրը (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924թ-ի մայիսի 22-ին Փարիզում, գաղթականների ընտանիքում։

Էդիտ Պիաֆն ու Շառլ Ազնավուրը 1946 թվականին

Շնորհիվ  այն բանի, որ մեծանուն երգչուհի Էդիտ Պիաֆը նկատել է Ազնավուրի տաղանդն ու նրան իր հետ ԱՄՆ շրջագայության տարել, Շառլը միանգամից հանրահայտ է դարձել:

 

Սկզբում Ազնավուրը ելույթ էր ունենում կոմպոզիտոր Պիեռ Ռոշի հետ: Երբ Էդիտ Պիաֆը նկատեց նրանց, Ազնավուրն ու Ռոշը 1946 թվականին մասնակցեցին Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում նրա համերգային շրջագայությանը: Այդ պահից ի վեր Շառլը սկսում է շանսոնյեի պրոֆեսիոնալ կարիերան: 

Նա երկար տարիներ սիրահարված է եղել Պիաֆին, որը եղել է Ազնավուրի ընկերը, մուսան եւ սերը:

Իր կարիերայի ընթացքում Ազնավուրն ավելի քան հազար երգ է ստեղծել, որոնք հաճույքով կատարել են Ռեյ Չառլզը, Լայզա Մինելին, Բոբ Դիլանը, Խուլիո Իգլեսիասը: Շառլ Ազնավուրը զուգերգով է հանդես եկել Ֆրենկ Սինատրայի, Սելին Դիոնի, Լուչիանո Պավարոտիի, Պլասիդո Դոմինգոյի, Պատրիսիա Կաասի, Լայզա Մինելիի, Էլեն Սեգարայի եւ այլոց հետ:

Time ամսագրի եւ CNN հեռուստաընկերության անցկացրած հարցումների համաձայն՝ Շառլ Ազնավուրը 20-րդ դարի էստրադային երգերի լավագույն կատարողն է:

 

 

 

 



© NEWS.am STYLE