Ինչո՞վ է բացառիկ լինելու Բեթ Հարթի երեւանյան համերգը. մանրամասներ

15:15   27 մայիսի, 2015

Հուլիսի 3-ին Երեւանում տեղի կունենա աշխարհահռչակ երաժիշտ Բեթ Հարթի համերգը, որն իր տեսակով բացառիկ է. նա առաջին անգամ ելույթ է  ունենալու սիմֆոնիկ նվագախմբի հետ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ համերգի կազմակերպիչ` One Production ընկերության տնօրեն Վարդուհի Դավթյանը եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը համերգի վերաբերյալ մանրամասներ ներկայացրեցին:

Վարդուհի Դավթյանի խոսքով` Հայաստան է ժամանում ամենաէքսցենտրիկ արտիստներից մեկը: «Համերգի մտահղացումն իմն էր, քանի որ ես, լինելով երաժիշտ, ցանկանում եմ, որ իմ երկրում լավ երաժշտություն հնչի: Առաջարկս ներկայացրեցի Սերգեյ Սմբատյանին, նա էլ համաձայնեց»,-նշեց Վարդուհին` հավելելով, որ Բեթ Հարթի համար սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես գալը բացառիկ երեւույթ է:

Սերգեյ Սմբատյանն էլ հավելեց, որ նվագախումբը միշտ պատրաստ է ելույթ ունենալ որակով երաժիշտների հետ: «Մենք միշտ փորձում ենք տարբեր ֆորմատներով հանդես գալ, եւ մեզ մոտ ստացվում է: Բեթ Հարթը թրենդ տեղծող երաժիշտ է, եւ լավ է, որ նման երաժիշտները գալիս են Հայաստան»:

Ինչ վերաբերում է տոմսերի գներին, One Production-ի տնօրենն ասաց, որ դրանք սկսում են 7000 դրամից` հասնելով մինչեւ 70 հազարի: Սակայն 70 հազար դրամանոց տոմսերը եւս մեկ համերգի հնարավորություն են տալիս այն գնողներին: Նույն օրը համերգից հետո Retro ակումբում «afterparty» է լինելու, որի ժամանակ Բեթ Հարթը ելույթ է ունենալու Դորիանս խմբի հետ:

Տեքստը եւ լուսանկարները` Շուշան Շատիկյանի



© NEWS.am STYLE