Ֆիլմեր՝ ուրբաթ երեկոյան դիտելու համար. NEWS.am STYLE-ի ընտրությունը

20:11   28 մայիսի, 2015

Առաջիկա կինոուրբաթ վայելեք ֆանտաստիկ ժանրի, գերլարված իրադարձություններով հարուստ «Սան Անդրեաս» ֆիլմը, որը դիտելիս սեփական մաշկի վրա կզգաք բնական աղետների պատճառած ահն ու սարսափը։ Ֆիլմում գլխավոր հերոս Ռեյը (Դուեյն Ջոնսոն) փրկում է իր նախկին կնոջն ու դստերը։ Իհարկե, նրա ճանապարհին են հայտնվում մի շարք խոչընդոտներ՝ հզոր ցնցումներ, շենքերի փլուզումներ, հրդեհներ, փոթորիկներ եւ այլն։ Սակայն ոչ մի բան չի կարող կանգնեցնել անվախ եւ քաջ հայրիկին, որը փրկում է ոչ միայն կնոջն ու դստերը, այլեւ արդեն իսկ կործանված ամուսնությունը։ Մի խոսքով, այս ֆիլմում կարելի է տեսնել հոլիվուդյան այս ժանրի ֆիլմերին բնորոշ ամեն ինչ, այդ թվում՝ իմաստուն գիտնականի, որը բոլորին նախազգուշացնում է առաջիկա աղետի մասին, բայց ոչ մեկն ուշադրություն չի դարձնում նրա խոսքերին, ինչպես նաեւ մի քաջ փրկչի, որի դեմ անգամ ֆիզիկայի օրենքներն են անզոր։ Իհարկե, չպետք է մոռանալ նաեւ հատուկ էֆեկտների մասին, որոնք դիտողին «ստիպում» են լարված հետեւել իրադարձությունների զարգացմանը՝ չնայած բոլորն էլ հասկանում են, որ գլխավոր հերոսը մինչեւ վերջ «շրջանցելու է» յուրաքանչյուր արգելք, ցնցում եւ փլուզում...

Ջորջ Քլունիի մասնակցությամբ «Ապագայի երկիր» ֆիլմը կարելի է դիտել ամբողջ ընտանիքով։ Ֆիլմի սյուժեն փոքր-ինչ պարզ ու հասկանալի է, բայց երեխաները հիացած դուրս կգան կինոթատրոնից։ Ամեն ինչ սկսում է այն բանից, որ ՆԱՍԱ-ի ինժեների դուստրը սկսում է երազել աստղերի մասին եւ մտահոգվում մոլորակի անվտանգության մասին։ Մի անգամ պատահաբար նրա ձեռքն է ընկնում դեռեւս 1964թ-ին գիտական ձեռքբերումների համար ստեղծված մի հին նշան։ Բայց այն մոգական ուժ ունի եւ Քեյսիին տեղափոխում է մեկ այլ, խորհրդավոր ու հիանալի աշխարհ։ Պարզվում է, որ նախկինում այս նշանը պատկանել է Ֆրենքին (Ջորջ Քլունի), որը առաջին անգամ այցելել է Ապագայի երկիր դեռեւս 1964թ-ին։ Սակայն հայտնի է դառնում, որ եւ մեր, եւ զուգահեռ աշխարհներում խոշոր աղետ է սպասվում, որը սպառնում է համայն մարդկությանը...



© NEWS.am STYLE