Մահվան դատապարտված թթենին՝ ավելի բարեկարգ Երեւանում

21:08   30 մայիսի, 2015

Երեւանը լի է դագաղներով՝ պատուհաններով ծածկված, բետոնե մեծ դագաղներով։ Դրանք, չգիտես ինչու, անվանում են շենքեր՝ անգամ էլիտար են կոչում։ Տարօրինակ է, որ հին ճարտարապետական շենքերը քանդում են, ծառերը՝ կտրում, իսկ Կոմիտասի հինգհարկանի շենքերից մեկի հենց կողքին նորն են կառուցում։ Մի խոսքով, այս էլիտար շենքերով «բռնաբարում են» օրենքը եւ կարգ ու կանոնը։ Եվ երեկոյան քայլում ես նմանատիպ շենքերի՝ թեկուզ Հյուսիսային պողոտայի դագաղների (այլ կերպ հնարավոր չէ անվանել այդ հատվածի շենքերը) մոտակայքում եւ տեսնում, որ շատ քիչ բնակարաններում է լույս վառվում։ Հարց է առաջանում՝ ինչու՞ է անհարժեշտ քանդել հին շենքերը եւ նորերը կառուցել, եթե մարդիկ այնտեղ չեն ապրելու։ Քանի՜ այսպիսի շենք կա Երեւանում։

Այս հոդվածում խոսելու ենք Վաղարշյան փողոցում՝ «Պարմա» խանութի դիմաց, աճող թթենու մասին։ Շատ շուտով այս ծառը կտրելու եւ դրա փոխարեն հերթական գրողի տարած շենքն են կառուցելու՝ տեղանքն առանձնացնելով «Ավելի բարեկարգ Երեւան» «սգո»  ժապավենով։

Զարմանալիորեն անցյալ շաբաթ այս թթենին բավականին լավ վիճակում էր։ Բայց երկուշաբթի գիշեր ինչ-որ բան կատարվեց եւ ծառը կիսով չափ՝ ճյուղերով հանդերձ, խարխլվեց ու կոտրտվեց։ Ասում էին՝ ուժեղ քամու պատճառով է ծառը հայտնվել այդ վիճակում։ Հնարավոր է (բայց խիստ կասկածում եմ), սակայն այս ծառը, որից երեխաները թութ են քաղում ու համտեսում, շատ շուտով կտրելու են, քանի որ այն խոչընդոտ է հանդիսանում ճարտարապետական հերթական «հիանալի» նախագծի կառուցմանը։

Եվ քանի այսպիսի ծառեր են անհետացել՝ բետոնե-ասֆալտով պատված Երեւանի բնակիչներին զրկելով թթվածնի պաշարից։

Փաստորեն, մեր քաղաքին ծառեր պետք չեն, երեխաները սպորտային խաղահրապարակների կարիք չունենք, նրանց պետք չէ անհոգ մանկություն, չէ՞ որ հարուստ եւ մեծ փորով «ձյաձյաները» պետք է փող աշխատեն։ Հետաքրքիր է, ինչ են նրանք լափելու, եթե հանկարծ ոչինչ չմնա։ Կանաչ թղթադրամնե՞րն են նրանց կշտացնելու։

 

Արշակ Լեւոնյան

 



© NEWS.am STYLE