Թամար Կապրելյանի հեղինակած երգը կհնչի «Եվրատեսիլ-2015»-ի մասնակիցների կատարմամբ

13:52   17 հունիսի, 2015

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ “Genealogy” խմբի անդամ Թամար Կապրելյանի հեղինակած երգը շուտով կհնչի «Եվրատեսիլ-2015»-ի մասնակիցների կատարմամբ:

“The otherside” («Մյուս կողմը») խորագիրը կրող երգը, որի պրեմիերան կկայանա հունիսի 23–ին, կկատարեն “Genealogy” խմբի անդամներ Թամար Կապրելյանը, Ստեֆանի Թոփալյանը, ինչպես նաեւ սիրված մրցույթի` Ալբանիայի, Էստոնիայի եւ Հունաստանի այս տարվա ներկայացուցիչները:

Երգի երաժշտության եւ խոսքերի հեղինակ Թամար Կապրելյանի խոսքով` նմանատիպ համագործակցություններն առաջին հերթին նպաստում են նոր ծանոթություններ, կապեր հաստատելուն կամ եղածն ավելի ամրապնդելուն, ինչը միշտ հետաքրքիր է եւ, որպես կանոն, անսպասելի արդյունքների է հանգեցնում: «Ես չափազանց ուրախ եմ, որ երաժշտությունը մեզ այնքան ամուր կապեց, որ համագործակցությունը շարունակվում է նաեւ մրցույթից հետո. չէ՞ որ երաժշտությունը մեծ եւ ընդհանրացնող ուժ ունի: Այն միավորում է, փոշիացնում մշակութային տարբերությունները եւ փակում առկա ճեղքերը: Հուզմունքս այնքան մեծ է, որ կարծում եմ կբավականացնի բոլորիս: Անհամբերությամբ կսպասեմ հանդիսատեսի արձագանքին եւ կարծիքին: Հույս ունեմ, որ արդյունքը հետաքրքիր ու գոհացնող կլինի»:

“The otherside” երգը խաղաղության եւ միասնության կոչ է, ինչպես նաեւ յուրահատուկ նվեր մրցույթի 60-րդ հոբելյանին:



© NEWS.am STYLE