«Նախագահը չի՞ հասկանում, որ իրեն չեն սիրում». Սուրեն Շահվերդյանը էլեկտրաէներգիայի դիմաց չվճարելու տարբերակներ է առաջարկում

14:23   1 հուլիսի, 2015

«Նախագահը չի՞ հասկանում, որ իրեն չեն սիրում, չեն ընդունում։ Ժողովրդի 95 տոկոսը չի վստահում այս իշխանություններին». այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք արտահայտեց ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը։

Նրա խոսքով՝ երբ մի երկիր ունի ատոմակայան եւ հարեւան պետությանը վաճառում է էլեկտրաէներգիա, որն ավելի էժան է, քան սեփական երկրում, բոլորն էլ հասկանում են, որ գողանում են։

«Զարմանալի է, որ գազի թանկացման դեպքում նման ցույցեր չեղան, որովհետեւ մենք բոլորս էլ գիտենք, որ կառավարությունը էժան գնում է գազը, սակայն կրկնակի թանկ վաճառում այն ժողովրդի վրա»,-ասաց  ռեժիսորը՝ հավելելով, որ Բիբինին ընտրել են որպես քավության նոխազ։

Սուրեն Շահվերդյանը կարծում է, որ պետությունը կարող է այս ոլորտում փոփոխություններ անել, սակայն նախագահի ելույթից հետո ինքը հասկացել է, որ ոչինչ էլ չի փոխվելու։

«Այո, աուդիտ կանեն եւ կհամոզեն, որ սակագնի բարձրացումն արդարացված է, սակայն մենք չենք հավատում, որովհետեւ հավատալու տեղ այլեւս չկա։ Ժովովրդի բաժակը լցվել է, ոչ մի լավ սպասելիք չկա»։

Հարցին, թե արդյոք նա կողմ է, որ Բաղրամյան պողոտան շարունակի փակ մնալ, ռեժիսորը պատասխանեց.

«Բաղրամյան պողոտայում ոչ միայն պետք է շարունակվի ցույցը, այլ նաեւ պետք է տարածվի այլ փողոցներում եւս։ Իսկ ի՞նչ է լինում նրանից, որ պողոտան փակ է, ո­՞վ է վնաս կրում։ Անորակ ասֆալտապատում են, հետո ամիսներ շարունակ փողոցները փակում, կրկին ասֆալտապատում»,-նշեց նա։

Անդրադառնալով ոստիկանների պահվածքին, Սուրեն Շահվերդյանը նշեց, որ բարձր է գնահատում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պրոֆեսիոլանիզմը, քանի որ նա տիրապետում էր իրավիճակին, իսկ ոստիկաններն էլ, նրա խոսքով, ներքին սիմպատիա ունեն ցուցարարների հանդեպ։

Այնուամենայնիվ, ի՞նչ անել, եթե էլեկտրաէներգիայի սակագինը մնա անփոփոխ. Շահվերդյանն առաջարկում է պայքարի իր տարբերակը։ «Կարելի է պարզապես չվճարել, փչացնել քաղաքի հաշվիչները եւ այլն»։

Շուշան Շատիկյան



© NEWS.am STYLE