«Բեթ Հարթի համերգը «Electric Yerevan»-ի պատճառով կկայանա առանց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի». One Production-ի տնօրեն

15:18   2 հուլիսի, 2015

Վաղը՝ հուլիսի 3-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու է ամերիկյան հայտնի երգչուհի, երգահան Բեթ Հարթի համերգը։ Ի սկզբանե համերգը տեղի էր ունենալու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասնակցությամբ, սակայն Երեւանում շարունակվող բողոքի ցույցերի պատճառով նվագախմբի մասնակցությունը չեղյալ է հայտարարվել։ Այս մասին տեղեկացրել է One Production-ի տնօրեն Վարդուհի Դավթյանը։

«Անելանելի իրավիճակ, որը կոչվում է «Electric Yerevan»։ Չեմ ցանկանում մանրամասնել, պարզապես այդպես ստացվեց»,- նշել է Դավթյանը։

Հարցին՝ կցանկանար Բեթը անվճար, բացօթյա համերգ տալ Երեւանում, Վարդուհին պատասխանել է.

«Հիանալի կլիներ անվճար համերգ կազմակերպել, օրինակ՝ SOAD-ի հետ, բայց SOAD-ի անվճար համերգը շատ թանկ արժեր կազմակերպիչների համար։ Սա բիզնես է, եւ տոմսերի գինն այնքան է, որքան արժեն դրանք։ Նույնիսկ մեր գործունեության 10-ամյակի կապակցությամբ մենք հիսուն տոկոս զեղչ ենք արել, որպեսզի բոլորը հնարավորություն ունենան մասնակցել համերգին»,- նշել է Դավթյանը։



© NEWS.am STYLE