«Հայաստանը կախարդական է ոչ թե որովհետեւ գեղեցիկ է, այլ հոգեւոր». Օռնելլա Մուտի

15:25   12 հուլիսի, 2015

«Ոսկե Ծիրան-2015» կինոփառատոնի հատուկ հյուր Օռնելլա Մուտին այսօր  Երեւանում հանդիպում ունեցավ լրագրողների հետ: Իր խոսքում դերասանուհին նշեց, որ չի կարողացել մերժել Հայաստան այցելելու հրավերը:

«Նախ, գիտեմ, որ հայերի համար այս տարին հատուկ է: Հետո ես հայ ընկերներ ունեմ, որոնցից շատ բան եմ լսել Հայաստանի մասին, մասնավորապես այն, որ Հայաստանը կախարդական է ոչ թե որովհետեւ գեղեցիկ է, այլ հոգեւոր, ուստի չկարողացա մերժել հրավերը»:

Խոսելով կինոփառատոնի մասին, Մուտին ասաց, որ շատ է հավանում այն, նաեւ այս տարվա ֆիլմերի ընտրությունը: Դերասանուհին նշեց նաեւ, որ հրավերի դեպքում մեծ սիրով կնկարահանվի հայկական ֆիլմում: «Ես գիտեմ, որ Հայաստանը լավ դերասաններ ունի, ինչպիսին, օրինակ, Ազնավուրն է»,-ասաց նա:

Պատրաստեց Շուշան Շատիկյանը

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE