Միսսիս Հարավային Դակոտա Կարինե Պողոսյանն՝ ընտանեկան բռնության մասին

12:04   16 հուլիսի, 2015

Միսսիս Հարավային Դակոտա Կարինե Պողոսյանը ողջ նահանգով իրականացնում է կրթական ծրագիր, որի թեման է ընտանեկան բռնությունը:

KSFY-ին տրված հարցազրույցում Կարինե Պողոսյանը նշել է, որ նա ծնվել է Երևանում և 90-ականներին տեղափոխվել է Աբերդին:

«Ես ծնվել և մեծացել եմ Հայաստանում` Երևանում: 1992 թվականին ընտանիքս տեղափոխվել է ԱՄՆ, այնպես որ, ես առաջին սերնդի գաղթական եմ: Ինչ վերաբերում է այն բանին, որ ես պարբերաբար մասնակցում եմ սեմինարներին և պատմում ընտանեկան բռնության մասին, ապա նշեմ, որ այդ փաստը ինչ-որ ժամանակ իմ կյանքի մի մասն է կազմել, ուստի շատ կարևորում եմ այդ թեման. հարկավոր է խոսել այդ մասին, որպեսզի շատերն իմանան, թե դա ինչ է: Մեզ հարկավոր են օրենքներ, որոնք կկանխեն ընտանեկան բռնությունը, այլ ոչ թո կգործեն միայն կատարված դեպքերից հետո: Իմ նպատակն է՝ հասնել այն բանի, որ նման օրենքներն ընդունվեն և որպեսզի մարդիկ, ովքեր այժմ իրենց դժբախտությունն են ապրում, նայեն ինձ և հասկանան, որ նրանք նույնպես կարող են շատ բանի հասնել», - ասել է Կարինեն:

Կարինե Պողոսյան-Միրմոեն նշել է, որ տիտղոսն իրենից ներկայացնում է այն կանանց, ովքեր հասել են ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական հաղթանակների:

Հուլիսի 23-ին միսսիս Հարավային Դակոտան կմասնակցի Աբերդինի ոստիկանությունում վերընշված թեմայով անցկացվող սեմինարին:



© NEWS.am STYLE