««Ոսկե Ծիրանի» ժյուրին չգիտի, որ մենք 15 տարի լույս չենք ունեցել, ֆիլմեր չենք դիտել եւ վառել ենք բնությունը` տաքանալու համար». Հարություն Խաչատրյան

14:42   17 հուլիսի, 2015

«Ոսկե Ծիրան» կինոփառատոնի հիմնադիր, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանն այսօր հանդիպում ունեցավ փառատոնը լուսաբանող լրագրողների հետ եւ կիսվեց իր խոհերով, հայկական կինոյի վերաբերյալ դիրքորոշմամբ, ինչպես նաեւ իր ստեղծագործական տասը տարվա դադարի մասին:

Արվեստի մասին

Այսօր գիշերը ես մտածում էի, թե ինչ եմ ձեռք բերել եւ ինչ` կորցրել: Փառք Աստծո, ընտանիքս չեմ կորցրել: Արվեստը շատ դաժան բան է: Անհնար է արվեստով զբաղվել եւ չդավաճանել ընտանիքը, ընկերներին: Իմ շատ կոլեգաներ մնացին միայնակ, լքեցին իրենց կանանց եւ երեխաներին: Արվեստը միշտ չէ, որ պատվաբեր է: Կարող ես լավ արվեստագետ լինել, բայց մարդկային հատկանիշներդ կորցնել: Այսօր ես կարող եմ ասել, որ չեմ կորցրել այդ ամենը, բայց եւ չեմ կորցրել ֆիլմեր նկարահանելու ախորժակը:

Ստեղծագործական դադարի մասին

Ես իսկական հայ եմ, իսկ յուրաքանչյուր հայ տղամարդ չի կարող իր ընտանիքը թողնել անօթի: Այն տասը տարիները, որոնք ես անցկացրել եմ շինարարության ոլորտում, համարում եմ եւս մեկ ֆիլմի ստեղծում, բայց ափսոսում եմ այդ տարիների համար, որովհետեւ տասը ֆիլմ չեմ նկարահանել:

Նոր ֆիլմի մասին

Նոր ֆիլմ եմ նկարահանում, որը ձեր դատին կհանձնեմ աշնանը: ԱՄՆ գաղթած հայ ընտանիքների մասին է, փորձում եմ ցույց տալ, թե ինչ մետամորֆոզներ են տեղի ունենում նրանց հետ: Նկարահանումներ եմ արել բանտում, նարկոդիսպանսերում, մանկապարտեզներում եւ գեղեցիկ դպրոցներում: Փորձել եմ ցույց տալ թե' լավը, թե' վատը:

Եվս մի քանի ֆիլմի սցենար ունեմ գրած, որոնցից մեկը լինելու է Վահան Տերյանի մասին:

 «Ոսկե Ծիրանի» մասին

Ես շատ չեմ սիրում փառատոնին աստղերի հրավիրել, նախընտրում եմ ռեժիսորների հրավիրել, որոնք իրենց հետ պաշար կբերեն եւ կկրթեն այստեղի սկսնակ ռեժիսորներին: Աստղերը սովորաբար նման փառատոների 50 հազար եվրոյով են գնում, մենք մեզ մոտ հրավիրում ենք անվճար` միայն մրցանակ ստանալու:

Հայկական կինոյի մասին

«Հայկական համայնապատկեր» ծրագրի ժյուրիի անդամներից լսել եմ, թե հայկական ֆիլմերը շատ թույլ են, բայց նրանք չգիտեն, որ մենք 10-15 տարի առանց լույս ենք ապրել, ֆիլմեր չենք դիտել եւ վառել ենք մեր շրջապատի բնությունը` տաքանալու համար: Մենք հիմա էլ բլոկադայի մեջ ենք, բայց կարողանում ենք շատ հարուստ հյուրերով փառատոն անցկացնել:

Հայաստանում զարմանում են, թե մարդիկ ինչու են սիրում պրիմիտիվ կոմեդիաները, գրքերն ու երաժշտությունը: Դա նրանից է, որ մարդիկ սկսել են ընկալել միայն պրիմիտիվը, չեն կարողանում հասկանալ մշակութային միտքը, ենթատեքստը, եւ դա ամբողջ աշխարհում է այդպես: Առաջնորդներին դա ձեռնտու է, քանի որ պոպկորնային մասսան հեշտ կառավարելի է:

Շուշան Շատիկյան



© NEWS.am STYLE