Կյանքը` «Միսս Հայաստանից» հետո. Մարինա Վարդանյանի դժվարություններն ու սկզբունքները

13:40   23 հուլիսի, 2015

«Կյանքը` «Միսս Հայաստանից» հետո». NEWS.am STYLE-ի նոր խորագիրն անդրադառնում է մրցույթի տիտղոսակիր կանանց: Ի ՞նչ տվեց նրանց տիտղոսն ու թագը եւ ինչպե ՞ս դասավորվեց հաղթողների ճակատագիրը մրցույթից հետո: NEWS.am STYLE-ի զրուցակիցը «Միսս Հայաստան-2006» Մարինա Վարդանյանն է, ով ամուսնությունից հետո տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն:

Ողջույն, Մարինա, կպատմեք` ինչպե ՞ս եք ծանոթացել Ձեր ամուսնու հետ:

Ամուսնուս հետ ծանոթացել եմ մինչ «Միսս Հայաստան» մրցույթին մասնակցելը: Ընդհանուր ընկներներից մեկի շնորհիվ ենք ծանոթացել: Ամուսնացել ենք  2007 թվականին, բնակվում ենք Մոսկվայում:

Ո ՞րն էր ամենամեծ դժվարությունը, որին հանդիպեցիք Հայրենիքից հեռու գտնվելով:

Տեղափոխվելուց հետո ծնողներից հեռու գտնվելն ամենամեծ դժվարությունն էր ինձ համար: Սիրում եմ Երեւանը, որը միշտ ջերմ եւ գրկաբաց է ընդունում բոլորին: Մյուս դժվարությունը ՌԴ անբարենպաստ եղանակն է, որին մինչ օրս չեմ հարմարվել:

Մոդելային կարիերայի հետ կապված Հայաստանում որոշակի կարծրատիպեր կան ձեւավորված: Արդյոք խանգարել ե ՞ն դրանք ձեզ գործնական կամ անձնական հարաբերություններում:

Գեղեցիկ կին լինելը, առավել եւս` տիտղոսակիր լինելը, դժվար է շատ: Ոմանք հիանում եւ փառաբանում են, ոմանք էլ քարկոծում` կարծելով, թե երկու երնեկ մի տեղ չի լինում: Խոչընդոտներ ամենուր կան, բայց մարդուն ճանաչելուց հետո կարծրատիպերը կոտրվում են: Չի կարելի բոլորին մի արշինով չափել:

Վերհիշելով Ձեր անցած ուղին, կարո ՞ղ եք ասել` ի ՞նչ է տվել Ձեզ «Միսս Հայաստանը»:

Վերհիշելով իմ անցած ուղին` կրկին անգամ համոզվում եմ, որ մրցույթն ինձ տվեց վառ հուշեր, դրական էմոցիաներ, օգնեց ավելի ինքնավստահ լինել: Հաճելի է, ինչ խոսք, երբ մարդիկ ճանաչում են քեզ անգամ Հայրենիքի սահամններից դուրս: Ուշադրության եւ բազում հաղթանակների հետ մեկ տեղ` ինձ համար շատ կարեւոր էր պահպանել բարոյական սկզբունքները եւ մարդկային տեսակը:

Այժմ ինչո ՞վ եք զբաղված եւ, արդյոք, ցանկություն ունե ՞ք շարունակել մոդելային կարիերան:

Այժմ միայն երեխաներով եմ զբաղվում, նրանք դեռ շատ փոքրիկ են: Աղջիկս` Վալերիան, 4 տարեկան է, իսկ տղաս` 1: Ծրագրում եմ դուրս գալ աշխատանքի, եթե լինեն առաջարկներ մոդելային ասպարեզում, որոնք կհետաքրքրեն ինձ, ես պատրաստ եմ համագործակցել:

Զրուցեց Շուշան Շատիկյանը



© NEWS.am STYLE