Վրեժ Կիրակոսյանն իր անձնական կյանքի եւ քրոջ դստեր ու Միհրան Ծառուկյանի հարաբերությունների մասին

16:40   28 հուլիսի, 2015

Երգիչ, Երեւանի Մշակույթի պետական քոլեջի փոխտնօրեն Վրեժ Կիրակոսյանը սեպտեմբերին կներկայացնի իր նոր տեսահոլովակը: Այս մասին նա ասաց NEWS.am STYLE-ի հետ զրույցում` խոսելով իր ստեղծագործական եւ անձնական կյանքից, ինչպես նաեւ պարզաբանելով մոտ մեկ ամիս առաջ տարածված լուրերը, թե Միհրան Ծառուկյանն ամուսնացել է իր քրոջ աղջկա հետ:

 

Մեզ հետ զրույցում Վրեժը նախ պատմեց իր աշխատանքի մասին: «Նոր տեսահոլովակը դասական ստեղծագործություն է, որը մատուցելու եմ ժամանակակից ձեւով: Կարծում եմ` տեսահոլովակը մինչեւ սեպտեմբերի 15-ը պատրաստ կլինի»:

Վրեժ Կիրակոսյանը դեռ նախորդ տարի մեզ հետ զրույցում ասել էր, թե աշնանն ամուսնանալու է, սակայն արդեն երկրորդ աշունն է մոտենում, բայց երգիչը չի շտապում օրինականացնել իր հարաբերությունները նշանածի` մասնագիտությամբ բուժքույր Արմինեի հետ: NEWS.am STYLE-ը հետաքրրքվեց նրանից, թե ինչ հարաբերությունների մեջ է ընտրյալի հետ այժմ եւ արդյոք պատրաստվում է ամուսնանալ:

«Իհարկե պատրաստվում ենք: Եթե մարդիկ կան, ովքեր կարող են ուրախանալ մեր բաժանման լուրից, ստիպված եմ տխրեցնել նրանց: Մենք չենք բաժանվել, միասին ենք եւ իրար շատ սիրում ենք»,-պատասխանեց նա:

Անդրադառնալով Մշակույթի պետական քոլեջի գործունեությանը, Վրեժն ասաց, որ այս տարի շրջանավարտների թվի պակասով պայմանավորված` քոլեջի դիմորդների թիվը նույնպես պակասել է, բայց, ընդհանուր առմամբ, փոխտնօրենը գոհ է միտումից, որ Հայաստանում էլ են փորձում միջին մասնագիտական կրթություն ստանալ:

«Աշխարհի շատ զարգացած երկրներում աշխատուժի 70 տոկոսը միջին մասնագիտական կրթություն ունեցողներն են: Հայաստանում է, որ մի պահ նորաձեւ դարձավ բուհ ընդունվելը, սակայն այսօր այդ միտումը հետ է մղվում: Մարդիկ հասկանում են, որ միջին մասնագիտական կրթությունը նույնպես կարող է բավարար լինել»,-նշեց Վրեժ Կիրակոսյանը` հավելելով, որ ԿԳՆ-ը իրենց պետպատվեր տեղեր է հատկացրել, ինչը դրական է անդրադառնում դիմորդների թվի վրա:

 

Ինչ վերաբերում է երգիչ Միհրան Ծառուկյանի եւ Վրեժ Կիրակոսյանի քրոջ ստեր` Լիլիթ Մարկոսյանի ամուսնության լուրին, Վրեժն ասաց, որ չի կարող ասել, թե ինչու են նման լուրեր տարածվել:

«Ես դա կարող եմ այսպես բացատրել. Միհրան Ծառուկյանը Մոսկվայում է եղել, եւ իրենք ընդհանուր ծանոթների կամ բարեկամների միջոցով հանդիպել են: Միգուցե դա է նման խոսակցությունների պատճառ դարձել»:

Մեր հարցին` եթե պարզվեր, որ լուրերը ճիշտ են, դեմ կլինե՞ր, արդյոք, նրանց միությանը, քանի որ հաճախ է խոսվում այն մասին, որ հայտնի մարդկանց հետ ամուսնությունները կայուն չեն, Վրեժը պատասխանեց. «Ոչ, ինչո՞ւ պետք է դեմ լինեմ: Իրենց կամքն է: Այդպես որ լիներ` իմ ընտրյալն էլ չէր ցանկանա ամուսնանալ ինձ հետ»:

Զրուցեց Շուշան Շատիկյանը



© NEWS.am STYLE