«Փելեշյանի անցաթուղթը մեր անցաթուղթն է աշխարհում». հայ հանդիսատեսը հանդիպեց կինոռեժիսորի հետ

00:45   29 հուլիսի, 2015

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ հանդիպում անվանի կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի հետ: Նրան ողջունելու էր եկել նաեւ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն, ով իր ողջույնի խոսքում ասաց.

«Փելեշյանի անցաթուղթը մեր անցաթուղթն է աշխարհում, մշակույթի աշխարհում»: Ապա ցուցադրվեցին ռեեժիսորի չորս ֆիլմերը` «Բնիկները», «Տարվա եղանակները», «Վերջ» եւ «Կյանք», որից հետո ներկաները հարցեր ուղղեցին նրան: Ի դեպ, դահլիճում ասեղ գցելու տեղ չկար:

Պատասխանելով հարցին, թե ինչ խորհուրդ կտա սկսնակ ռեժիսորներին, Փելեշյանն ասաց. «Նրանց խորհուրդ կտամ, որ ուշադիր լինեն իրենց առաջին աշխատանքը ստեղծելիս: Դա շատ կարեւոր է»: Ռեժիսորը նշեց, որ այժմ իր ֆիլմերը դիտելիս չի փորձում «շտկել դրանք»: «Երբ ես երիտասարդ  էի, բեղեր էի պահում, սակայն այժմ, նայելով այդ ժամանակվա լուսանկարները, ինչ իմաստ ունի ոչնչացնել դրանք»:

Փելեշյանը բոլոր հարցերին պատասխանում էր շատ դիպուկ եւ կարճ: Հարցին, սիրում է արդյոք կերպարվեստը եւ ազդեցություն ունեցել է իր վրա դա, ռեժիսորը նշեց, որ, իհարկե, ունեցել է, սակայն չի կարող կոնկրետ ստեղծագործություն  առանձնացնել:

Հանդիսատեսի խնդրանքով Արտավազդ Փելեշյանը նշեց այն ֆիլմերը, որոնք խորհուրդ  է տալիս դիտել բոլորին` առանձնացնելով «Կնքահայրը»:



© NEWS.am STYLE