Էդի Ռեդմեյնը՝ տրանսսեքսուալ նկարչի դերում «Դանիացի աղջիկը» ֆիլմի առաջին պոստերին

20:16   3 օգոստոսի, 2015

Դեռեւս փետրվարին հայտնի դարձավ, որ օսկարակիր Էդի Ռեդմենը «Դանիացի աղջիկը» ֆիլմում մարմնավորելու է դանիացի տրանսսեքսուալ նկարիչ Էյնար Վեգեներին։

The Huffington Post-ի փոխանցմամբ՝ համացանցում է հայտնվել ֆիլմի առաջին պոստերը, որում պատկերված են ֆիլմի գլխավոր հերոսները՝ Էդի Ռեդմեյնը եւ Ալիսիա Վիկանդերը։ Վերջինս մարմնավորում է Վեգեների կնոջ դերը։ Ֆիլմի հիմքում նկարչի կենսագրությունն է։

Ամեն ինչ սկսվում է այն հանգամանքից, որ Վեգեների կինը, որը նույնպես նկարիչ է, մի անգամ խնդրում է նրան կանացի զգեստ հագնել, քանի որ բնորդուհին չէր եկել։ Սկզբում տղամարդը այս ամենն անմեղ խաղ է համարում եւ սկսում հանդես գալ Լիլի Էլբե կեղծանունով։ Սակայն ավելի ուշ՝ 1931թ-ին, Էյնարը դառնում է առաջին մարդը, որը վիրահատական միջամտության արդյունքում փոխում է իր սեռը։

Սակայն հինգերորդ վիրահատության ժամանակ (որով նա պետք է հնավորություն ստանար երեխա ունենալ) Էլբեն մահանում է։



© NEWS.am STYLE