Հանրաճանաչ «Fly Project» խումբը ժամանել է Հայաստան (ֆոտո)

02:22   27 օգոստոսի, 2015

«Fly Project» ռումինական հանրաճանաչ երաժշտական խումբն այսօր՝ օգոստոսի 26-ին,  ժամանել է Հայաստան: Լատինո ոճի փոփ խմբին օդանավակայանում դիմավորեցին տասնյակ երկրպագուներ: Նշենք, որ խմբի անդամներն առաջին անգամ են Հայաստանում: Համաշխարհային «Most Wanted Tour» խորագիրը կրող հյուրախաղերի շրջանակներում օգոստոսի 28-ին նրանք ելույթ կունենան Երեւանի ժամանցային վայրերից մեկում:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Թուդոր Յոնեսկուին նշեց, որ ներկաներին սպասվելու է աներեւակայելի երեկո:

Նշենք, որ այցի շրջանակներում նախատեսված է՝ «Fly Project» խմբի անդամներն օգոստոսի 27-ին այցելեն Հայոց ցեղասպանության հուշահամալիր,  Գառնիի հեթանոսական տաճար եւ Գեղարդի վանք:

«Ցավոք, շատ բան չգիտեմ Հայաստանի մասին: Մենք այստեղ կմնանք մի քանի օր: Հուսով եմ, որ կհասցնենք այս ընթացքում այցելել տարբեր վայրեր: Բայց այս պահին հստակ չեմ կարող ասել, որտեղ ենք գնալու»,-ասաց Թուդոր Յունեսկուին:

Բացի այս, խմբի անդամներն օգոստոսի 27-ին՝ ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում հանդիպում կունենան իրենց երկրպագուների հետ: Երկրպագուների համար հնարավորություն կընձեռվի գնված տոմսերի վիճակահանությամբ սիրված աստղերի հետ սելֆի անել եւ ստորագրություն ստանալ:  

Նշենք, որ «Fly Project»-ը ռումինական պարային եւ լատինո ոճի փոփ խումբ է, որը ստեղծվել է Բուխարեստում՝ Թուդոր Յոնեսկուի եւ Դեն Դենեսի կողմից: 2011 թ-ին խումբն առաջադրվել է MTV Europe Music Award-ում՝ որպես լավագույն երաժշտական ​​խումբ: Հիմնադրման պահից սկսած՝ 2005 թ-ից, խումբն ամբողջ աշխարհում հանդես է եկել ավելի քան 2000 համերգներով: Թողարկել են  երգերի 2 հավաքածու՝ 2005 թ-ին՝ Fly Project”  , իսկ 2007 թ-ին՝ “K-Tinne” խորագրերով:

Լրագրող՝ Մելինե Տոնոյան

Լուսանկարիչ՝ Արսեն Սարգսյան



© NEWS.am STYLE