VARDA-ն ելույթ կունենա Երեւանում՝ ի աջակցություն Հայաստանի մանկատների

13:45   27 օգոստոսի, 2015

Օգոստոսի 29-ին հայտնի պարուհի եւ երգչուհի VARDA-ն բարեգործական շոու-ծրագրով ելույթ է ունենալու «HAVANA» ռեստորանային համալիրում։

Երեկոյից ստացված ամբողջ հասույթը ուղղվելու է «Գավառի մանկատան» եւ «Մարի Իզմիրլյանի անվան մանկատան» երեխաների օգնությանը։

«Հայաստանում հազարավոր երեխաներ ընտանեկան ջերմության կարիք ունեն։ Չնայած նրանք ծնողազուրկ են՝ այս փոքրիկ հայերը մեր ապագան են։ Նրանց օգնելն ու ճիշտ ուղղություն ցույց տալը իսկապես կարեւոր է։ Նրանք պետք է գիտակցեն, որ մենք նրանց կարիքն ունենք ու մտածում ենք իրենց մասին․․․ Ես ցանկանում են նաեւ բոլորի ուշադրությունը հրավիրել այս երեխաների խնդրի վրա։ Հուսով եմ, որ իմ երկրպագուները կսատարեն ինձ այդ հարցում»,- ասել է Վարդանուշ Մարտիրոսյանը։

Նշենք, որ բարեգործական ակցիայի միտքը հենց պարուհունն է։ Նրան նաեւ աջակցում են Bari Mama բարեգործական հիմնադրամն ու «HAVANA» ռեստորանային համալիրը՝ տնօրեն Արայիկ Գաբաջյանի գլխավորությամբ։ Ուրախ ենք նաեւ տեղեկացնել, որ NEWS.am STYLE-ը այս գեղեցիկ նախագծի ինֆորմացիոն հովանավորն է։

Ավելացնենք, որ շոու-ծրագրի նախօրեին VARDA-ն մամլո ասուլիս կտա եւ կպատասխանի բարեգործական ակցիային վերաբերող բոլոր հարցերին։



© NEWS.am STYLE