Շուշաննա Թովմասյանի եւ «Բարի մամա»-ի անակնկալը «Մարի Իզմիրլյան» մանկատան սաներին (Ֆոտո)

11:11   1 սեպտեմբերի, 2015

«Բարի մամա» կամավորների խումբն ու դերասանուհի Շուշաննա Թովմասյանը օգոստոսի 31-ին այցելել են Երեւանի «Մարի Իզմիրլյան» մանկատուն: Նրանք գրենական պիտույքներ են նվիրել մանկատան սաներին:

«Այսօր հարյուրավոր փոքրիկներ կան, որոնք ապրում են մանկատանը կամ ունեն առողջական խնդիրներ: Եվ նրանք չեն կարողանա գնալ դպրոց եւ ապրել այն զգացողությունները, որոնք զգում է յուրաքանչյուր փոքրիկ: Մենք պետք է միշտ նրանց կողքին լինենք եւ մեր սերն ու քնքշանքը տանք այս երեխաներին, քանի որ նրանք դրա կարիքը շատ ունեն: Նախաձեռնբությունը «Բարի մամա»-ին է: Մեզ են միացել դերասանուհի Շուշաննա Թովմասյանը եւ Դալիթա Ավանեսյանը: Ցավոք, այսօր Դալիթան չկարողացավ գալ մեզ հետ»,- ասաց «Բարի մամա» հասարակական կազմակերպության տնօրեն Մարինա Ադուլյանը:

Փոքրիկները խինդ ու ծիծաղով դիմավորեցին դերասանուհուն եւ «Բարի մամա»-ի անդամներին: Բարեգործական նախաձեռնության մեջ իրենց ներդրումն են ունեցել նաեւ անհատ մարդիկ եւ կազմակերպություններ:

«Ցավալի է, որ հայտնիներից շատ քչերն են մասնակցում մեր բարեգործական ծրագրերին: Եղել է, որ առաջարկել ենք միանալ մեզ, բայց մերժել են»,- նշեց Մարինան:

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանին մենք հաճախ կարող ենք տեսնել բարեգործական ակցիաններին:

«Սիրով եմ մասնակցում նմանատիպ ծրագրերին, քանի որ շատ երեխաներ կան, որոնք մեր կարիքն ունեն: Եթե յուրաքանչյուրս մեր փոքրիկ ներդրումն էլ անգամ ունենանք, ապա կարող ենք շատ բան փոխել: Հատկապես կարեւոր է հայտնիների ուշադրությունը, քանի որ երեխաներն ունեն սիրելի դերասաններ, երգիչ-երգչուհիններ, որոնց կցանկանային տեսնել»,- ասաց Շուշաննան:

Մելինե Տոնոյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE