Դալիթան իր երկրպագուների համար անակնկալ է պատրաստել

18:15   2 հոկտեմբերի, 2015

Երգչուհի Դալիթան իր երկրպագուներին ներկայացրել է նոր երգ, որը կոչվում է «Keep calm and just dance»: Երգի երաժշտության հեղինակը Արա Մանվելյանը է, խոսքերինը՝ Էմմա Ասատրյանը, իսկ գործիքավորումը կատարել է Դավիթ Ջավադյանը:

«Երաժշտության հեղինակի հետ առաջին անգամ եմ համագործակցում: Այս երգի համար առայժմ տեսահոլովակ չեմ նախատեսել: Տեսահոլովակ նկարահանվում է մեկ այլ երգի հիման վրա»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Դալիթան:

Դասեր, երաժշտական եւ այլ պարապմունքներ, ձայնագրություններ ու նկարահանումներ: Ահա այսպես է անցնում երգչուհու առօրյան: Ինչպես Դալիթան նշեց՝ օրվա ընթացքում չի հոգնում, քանի որ հաճույքով է անում ամեն բան:

«Ազատ ժամանակ շատ քիչ եմ ունենում, բայց ունենալու դեպքում էլ սիրում եմ կինոներ նայել, հետաքրքիր նյութեր ընթերցել՝ հատկապես տիեզերքի մասին: Նաեւ զբաղվում եմ սպորտով: Շատ եմ սիրում մեծ թենիս»,- ասաց Դալիթան:

Վերջերս Դալիթան նշել է  իր տարեդարձը: Հարցին՝ ի՞նչ զգացողություններ ունի՝ մեկ տարով մեծանալով  եւ ի՞նչն է նա թողնում անցյալում, երգչուհին պատասխանեց. «Զգացողություններս անբացատրելի են: Մտնում եմ կյանքի մի նոր փուլ: Փակում եմ մի լուսավոր եւ պայծառ դուռ՝ մանկությունս, որտեղից վերցնում եմ գեղեցիկ հիշողություններս եւ փորձը»:

Նրա խոսքով՝  սիրում է երազել, նպատակներ ունենալ, որոնք ոչ հաճախ են իրականանում:

Նշենք, որ բացի երգի պրեմիերայից Դալիթան պատրասվում է թողարկել նաեւ իր ձայնասկավառակը:

Մելինե Տոնոյան



© NEWS.am STYLE