Ճանաչված հայ կիթառահար Վահագնին` իր յուրահատուկ ոճի և Քրիստոֆեր Յանգի հետ համագործակցության մասին. NEWS.am STYLE Exclusive

13:06   3 հոկտեմբերի, 2015

Աշխարհի տարբեր երկրներում համերգներով հանդես եկած հայազգի կիթառահար Վահագնին, խառնելով ֆլամենկոյի, ջազի և երաժշտության այլ ճյուղերի էլեմենտները, ստեղծել է իր յուրահատուկ ոճը: Նրան անդրադարձել է նույնիսկ Pasadena Weekly շաբաթաթերթը, իսկ հայտնի կոմպոզիտոր Քրիստոֆեր Յանգը նրան հրավիրել է համագործակցության, ինչի արդյունքում Վահագնին և Քրիստոֆերը ստեղծել են Ռոբերտ Դե Նիրոյի և Ջոն Տրավոլտայի մասնակցությամբ` «Մարդասպանների սեզոն» ֆիլմի սաունդթրեքը:

Շարունակելով արտերկրում ճանաչված մեր հայրենակիցների հետ հարցազրույցների շարքը` NEWS.am STYLE-ը ներկայացնում է հարցազրույց Վահագնիի հետ:

-Վահագնի, պատմեք Ձեր մասին: Ինչո՞ւ տեղափոխվեցիք Իսպանիա:

-Ես վաղ տարիքից եմ սկսել կիթառ նվագել: Որոշ ժամանակ Լոս Անջելեսում ապրելուց հետո հասկացա, որ այնտեղ արդեն ամեն ինչ սովորել եմ, և ժամանակն է տեղափոխվել Իսպանիա, որպեսզի շարունակեմ ուսումս այնտեղ, որտեղ սկզբնավորվել է կիթառի մշակույթը:

-Կիթառ նվագել Ձեզ սովորեցրել է Ձեր հայրը: Միգուցե, հենց կիթառի հանդեպ նրա սե՞րն է Ձեզ փոխանցվել:

-Այո, իհարկե: Ես հորս շնորհիվ եմ միշտ շրջապատված եղել այդ երաժշտությամբ: Այն իմ կյանքի մասն է կազմել դեռ մանկությունից: Հայրս եղել ու մինչեւ օրս մնում է իմ լավագույն ուսուցիչը:

 

-9 տարեկանից նվագում եք կիթառ. Իսկ ե՞րբ եք գրել Ձեր առաջին ստեղծագործությունը:

-Պատանեկան տարիքից եմ ստեղծագործում: Սկսեցի ֆլամենկոյից: Ֆլամենկո սովորողները սկզբից սովորում են ֆալսետաներ, որոնք համարժեք են սոլոներին: Երբ մի բան սովորում էի, անմիջապես փորձում էի տարբերվող գործիքավորում կիրառել: Ցանկանում էի յուրահատուկ բան ստեղծել…Այդպես էլ սկսեցի ստեղծագործել:

-Անդրադառնալով Ձեր ոճին` Pasadena Weekly-ին գրել է. «Նա ունի իր ուրույն ոճը»… Ո՞րն է, ըստ Ձեզ, Ձեր ոճի յուրահատկությունը:

-Չեմ կարծում, թե կարելի է բացատրել «յուրահատուկ» բառի իմաստը: Դա մի բան է, որով մարդիկ տարբերվում են միմյանցից: Երաժշտության մեջ էլ է նույնը: Որքան հավատարիմ ես լինում ինքդ քեզ, այդքան յուրահատուկ ես դառնում: Մի առիթով Մայլս Դևիսն ասել է. «Ինձ համար երաժշտությունն ու կյանքը ոճ են»:

 

-Ձեզ, նույնիսկ, նկատել է հայտնի երգահան Քրիստոֆեր Յանգը: Կպատմե՞ք` ինչպես դա եղավ: 

-Ես նրա հետ 12-ժամյա բանակցություն եմ ունեցել` կապված ֆիլմի սաունդթրեքի հետ; Խոսքը «Մարդասպանների սեզոն» ֆիլմի մասին է, որի գլխավոր դերերում հանդես են եկել Ռոբերտ Դե Նիրոն և Ջոն Տրավոլտան: Դա մեծ նախագիծ էր, որի շուրջ շատ մեծ և լուրջ աշխատանքներ էին տարվում: Չնայած շատ էինք հոգնում, բայց դա մեծ փորձ էր ինձ համար:

-Իսկ ի՞նչ կասեք Տիգրան Համասյանի հետ Ձեր համագործակցության մասին:

-Տիգրանն իմ լավագույն ընկերներից է: Միշտ հաճույքով եմ համագործակցում նրա հետ: Նա շատ պրոֆեսիոնալ է և միշտ ժամանակին ավարտին է հասցնում աշխատանքը: Բացի այդ` հաճելի է աշխատել այն մարդկանց հետ, ում անձամբ ճանաչում ես: Հրաշալի մթնոլորտ է ստեղծվում:

-Խոսենք Ձեր Pomegranates ստեղծագործության մասին, որում հնչում է նաև հայկական դուդուկ; Ինչպե՞ս է Եվրոպայում ընդունվում կիթառի և հայկական դուդուկի համաձուլումը:

-Արդեն երկորդ անգամ եմ օգտագործում այդ համաձուլումը: Ինձ դուր է գալիս, թե ինչպես է դուդուկը հնչում կիթառի հետ: Դա նման է կատարյալ «ամուսնության»: Կարծում եմ` հանդիսատեսին դուր է գալիս այդ ոճը, քանի որ դուդուկի հնչյունները գրավում են բոլորին:

 

-Վահագնի, եթե չեմ սխալվում առաջիկայում ունեք շրջագայություններ: Խոսեք այդ մասին:

-Մեկնում եմ Տոկիո` շրջագայությունների: Չնայած մեկ շաբաթ է տևելու, բայց գրաֆիկը բավական խիտ է: Օրվա ընթացքում ունենալու եմ 2 շոու, չհաշված մամուլի ասուլիսներն ու հարցազրույցները: Այդ շոուներին կմասնակցեն նաև ճապոնացի արտիստներ:

-Իսկ հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա՞ այստեղ ներկա լինելու Ձեր համերգին:

-Հուսով եմ` այո…Կցանկանայի Հայաստանում ներկայանալ իմ ստեղծագործություններով: Պայմանավորվածություններ արդեն կան, հուսով եմ` այդ համերգը կիրականացնեմ մոտ ապագայում:

 

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE