«Մարդը երիտասարդ է այնքան ժամանակ, քանի դեռ ունակ է զարմանալ». Արմեն Ջիգարխանյանը դարձավ 80 տարեկան

15:10   3 հոկտեմբերի, 2015

Այսօր իր ծննդյան 80-ամյակն է նշում ԽՍՀՄ և ռուսական կինոյի ու թատրոնի հայազգի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պարզապես սիրված և տաղանդավոր հայ` Արմեն Ջիգարխանյանը:

«Բարև, ես եմ», «Եռանկյունի», «Լուսաբացից մեկ ժամ առաջ», «Տղամարդիկ», «Բարև ձեզ, ես ձեր մորաքույրն եմ», «Երբ գալիս է սեպտեմբերը», «Հարսնացուն հյուսիսից», «Խոհարարները եկել են մրցույթի», «Օտար խաղեր»… մի ամբողջ հոդվածը չի բավականացնի թվարկելու համար գոնե կեսը այն ֆիլմերի, որոնցում նկարահանվել է Ջիգարխանյանը:

https://www.youtube.com/watch?v=bBqGwzeN7Go

https://www.youtube.com/watch?v=w7x8ZLKL-CY

Վերջերս բուռն քննարկման արժանացավ դերասանի անձնական կյանքը. Ջիգարխանյանը հաստատեց լուրերն այն մասին, որ բաժանվել է կնոջից` դերասանուհի Տատյանա Վլասովայից, և այժմ ապրում է Մոսկվայի դրամատիկական թատրոնի երաժշտական ղեկավար, 33-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ:

Մի անգամ դերասանն ասել է. «Գիտե՞ք, թե կանանց հետ կապված ինչն է ամենից սարսափելին: Միևնույն կնոջ հետ տարբեր իրավիճակներում քեզ տարբեր ձև ես զգում. այսօր` լավ, վաղը` վատ, հաջորդ օրը` կրկին լավ, իսկ երկու շաբաթ անց սկսում ես մտածել. «Ո՞վ է այս կինը, ինչի՞ս է պետք այս ամենը»»:

 

Ներկայացնենք դերասանի հայտնի և անհայտ մեջբերումներից ևս մի քանիսը:

 

«Երբ մարդ իրեն լավ է զգում, նա երջանիկ է ցանկացած վայրում, իսկ երբ լավ չի զգում` տանը լինի, թե օտարության մեջ, իր համար միևնույն է»:

 

«Այն ամենը, ինչով այսօր հպարտանում եմ, ինձ հեշտությամբ չի տրվել»:

 

«Մենք ստանում ենք այն, ինչին արժանի ենք»:

«Կցանկանայի, որ մարդիկ միմյանց կարիքն ունենային»:

«Սիրում եմ, երբ երջանիկ եմ լինում, այլ ոչ թե ձևացնում եմ, թե երջանիկ եմ»:

«Մենք ապրում ենք վախի մեջ… վախ, որ մեզ չեն հասկանա, վախ, որ մեր մասին հանկարծ վատը կմտածեն…»

 

«Նոստալգիան հորինված զգացում է: Այո, երբեմն հոգումդ դատարկություն է տիրում, և ցանկանում ես դա ինչ-որ բանով լցնել: Այդպես սկսում ես երևակայել: Հորինում ես այն, ինչ եղել է, կամ այն, ինչ դեռ չի եղել… Ամեն ինչ էլ կարելի է հորինել»:

 

«Մարդը երիտասարդ է այնքան ժամանակ, քանի դեռ ունակ է զարմանալ: Զարմանքն է ամեն ինչի հիմքը»:

 

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE