«Ցանկանում եմ, որ բոլորի ներսում ջերմություն տիրի». Մարտ Բաբայանը Երեւանում ներկայացրեց իր նոր ձայնասկավառակը

11:35   4 հոկտեմբերի, 2015

Երեւանի ժամանցի վայրերից մեկում երեկ` հոկեմբերի 3-ին, կայացավ երգիչ Մարտ Բաբայանի թվով երկրորդ` «Холодно» կոչվող ձայնասկավառակի շնորհանդեսը: 

Մարտին շնորհավորելու էին եկել Քրիստինե Պեպելյանը, Սոնան, Անի Երանյանը, Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանը, Արմեն Պետրոսյանը, Գրիգոր Դանիելյանը, Ռաիսա Ավանեսյանը, Դինա Ակոպովնան եւ այլք:
Ձայնասկավառակում տեղ են գտել ոչ միայն արդեն սիրված դուետներ եւ հայտնի կատարումներ, այլեւ նոր երգեր:

NEWS.am STYLE-ը հետաքրքրվեց երգչից, թե ինչու է իր նոր ձայնասկավառակը որոշել անվանել «Холодно»: «Դա ձայնասկավառակում ընդգրկված իմ ամենասիրելի երգերից մեկն է, այն տրամադրություն է ստեղծում: Չնայած ձայնսկավառակս կոչվում է «Холодно»` ցանկանում եմ, որ բոլորի ներսում միշտ ջերմություն տիրի»,-ասաց Մարտը:
Ի դեպ, հետաքրքիր էր մտածված նաեւ CD-ի շապիկի դիզայնը; Այն ստեղծված է Մարտ Բաբայանի «Instagram»-ի էջի տեսքով:


Բացի նոր CD-ն հյուրերին ներկայացնելուց եւ նվիրելուց, Մարտը նաեւ հանդես եկավ իր ձայնասկավառակների երգերից մի քանիսի կենդանի կատարումներով, ինչպես նաեւ ներկայացրեց իր եւ Աննա Գագարինայի նոր տեսահոլովակը` «Сумасшедшие» երգի հիման վրա:

«Աննան ոչ միայն լավ երգչուհի է, այլեւ խոսքերի հեղինակ: Մի խոսքով, տաղանդավոր եւ գեղեցիկ մարդ է»,- մեզ հետ զրույցում նշեց Մարտը:

Հարկ է նշել, որ CD-ի շնորհանդեսը կրում էր բարեգործական բնույթ: Մեր հարցին, թե ինչպես ստացվեց այս համագործակցությունը «Բարի մամա» ՀԿ-ի հետ, պրոդյուսեր Սոֆյա Գուլյանը պատասխանեց. «ՀԿ-ի նախագահ Մարինա Ադուլյանը մեր թիմի լավագույն անդամներից մեկն է, իսկ երբ նա սկսեց զբաղվել բարեգործությամբ, ես, բնականաբար, աջակցեցի նրան եւ ասացի, որ Մարտի հետ կապված ցանկացած նախաձեռնություն կիրականացնենք միասին: Այդպես, արդեն 3 տարի է` համագործակցում ենք»:

Տուփի մեջ հավաքվեց 21.000 (քսան մեկ հազար) դրամ:

«Հանգանակության արկղի մասին, կարծում եմ, շատերը չգիտեին: Այդ մասին պիտի հայտարարեին, սակայն դա չարվեց: Բոլորը կլանված էին համերգով, ի վերջո հավաքվել էին Մարտին լսելու: Կփորձենք այլ տեղերից հանգանակության միջոցով հավաքել այն փոքրիկ Արսենի բուժման գումարը, ում էլ հենց նախատեսում էինք օգնել: Մենք նրան հետ ենք դարձրել մանկատան ճանապարհից, նա արդեն տարել է 1 վիրահատություն: Առջեւում եւս երկուսն են, ինչպես նաեւ վեեւականգնողական բուժումը», - նշեց «Բարի մամայի» նախագահ Մարինա Ադուլյանը:

Երեկոյի ընթացքում տեղադրված էր հանգանակության արկղ, որի ողջ հասույթը պետք է ուղարկվի «Բարի մամա» ՀԿ-ի ֆոնդին՝ հաշմանդամություն ունեցող հիվանդանոցներում լքված եւ մանկատանը գտնվող փոքրիկների կարիքների համար:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ արտիստի մամուլի ծառայությունից և NEWS.am STYLE



© NEWS.am STYLE