Balenciaga-ի գարուն ամառ 2016 հավաքածուի հոյակապ ցուցադրությունը Փարիզում

14:34   5 հոկտեմբերի, 2015

Ալեքսանդր Վոնգն իր վերջին հավաքածուն է ներկայացրել Balenciaga նորաձեւության տան համար, որը չի երկարացրել ոճաբանի հետ պայմանագիրը:

Balenciaga-ի կրեատիվ տնօրենը (ով ի դեպ երեք տարի աշխատել է այդ ապրանքանիշի համար) ցուցադրել է այն, ինչ հոգեհարազատ է իրեն ու ինչն ամենից լավ է ստացվում իր մոտ: Իսկ Վոնգի դեպքում դա, ինչպես հայտնի է, մարզական էսթեթիկան է, որը Balenciaga-ի համար ստեղծված ամփոփիչ հավաքածուում ոճաբանը համադրել էր՝ 2016 թ. գարուն ամառ սեզոնում մյուս ոճաբանների շրջանում այդքան տարածված՝ ներքնազգեստային թեմայի հետ:

Նրա աշխատանքի պտուղներն են դարձել զգեստ-կոմբինացիաները, մարզական կրծկալները, գիշերազգեստի տաբատները, զգեստ-խալաթները, կոմբինեզոնները, հողաթափերը՝ վուշից, բամբակից, մետաքսից, ատլասից ու գիպյուրից՝ նույնքան թեթեւ որքան ոճաբանի քայլվածքը, որը դուրս գալով բեմ, թեթեւասահ անցավ իրեն ծափահարող հանդիսականի շարքերի երկայնքով ու այդ պատմական պահը նկարահանեց այֆոնով:

Spletnik-ի նյութերով



© NEWS.am STYLE